11:04 | 18.03.15 | Նորություններ | 1536

Ցտեսություն, Internet Explorer

Windows 10 նոր օպերացիոն համակարգում Internet Explorer բրաուզերը կանվանափոխվի:

Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ վկայակոչելով Microsoft-ի մարկետինգի գծով տնօրեն Քրիս Կապոսելային:

Windows 10 համակարգը կթողարկվի մինեւ 2015թ. վերջ:

«Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե ինչպիսին պետք է լինի Windows 10-ում մեր բրաուզերի անվանումը»,- հայտարարել է Քրիս Կապոսելան Microsoft Convergence համաժողովի ընթացքում:

Նա հավելել է, որ Microsoft-ը կպահպանի Internet Explorer բրենդը, սակայն նոր բրաուզերը, որն այժմ կոչվում է «Spartan նախագիծ», կանվանափոխվի Windows 10-ի թողարկմանը զուգահեռ:

Նոր անվանման մեջ, ըստ ամենայնի, տեղ կգտնի Microsoft-ի անվանումը, ինչպես մյուս ծրագրերի դեպքում է, օրինակ Microsoft Word, Microsoft Excel: Chrome-ի օգտատերերի շրջանում անցկացված հարցումները վկայել են, որ Microsoft-ի «ներկայությունը» նոր բրաուզերի անվան մեջ մեծ հետաքրքրություն կարթնացնի օգտատերերի շրջանում:

Statcounter ծառայության տվյալների համաձայն՝ Internet Explorer-ը երկրորդ ամենատարածված բրաուզերն է Google-ի Chrome-ից հետո: Microsoft-ը Internet Explorer-ը թողարկում է շուրջ 20 տարի, եւ մինչեւ 2012թ. մայիսը այն «ամենահայտնին» էր, մինչ այն պահը, երբ օգտվողների թվով նրանից առաջ անցավ Chrome-ը: