17:18 | 10.03.15 | Նորություններ | 4474

«Յուքոմ»-ը բացել է օնլայն մասնաճյուղ

Այսօր բացվել է «Յուքոմ»-ի օնլայն մասնաճյուղը:

Այս քայլով ընկերությունը նպատակ ունի օգնել իր բաժանորդներին՝ ավելի արդյունավետ տնօրինելու ժամանակը եւ օնլայն կառավարելու իրենց «Յուքոմ» ծառայությունները:

Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է ծառայություն, որի միջոցով «Յուքոմ»-ի օգտատերերը, առանց ընկերության սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տանից կամ աշխատավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարումներ եւ այլ գործողություններ:

«Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յուրաքանչյուր անգամ ծառայությունների փոփոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել եւս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն՝ օգտվելով որից մարդիկ այլեւս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմ»-ի  ծառայությունների փոփոխման կամ վճարում կատարելու համար»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: