15:35 | 09.02.15 | Նորություններ | 4074

Beeline-ը Սառնաղբյուր համայնքի ֆիքսված ցանցը կթվայնացնի մարտին

2015թ. փետրվարին Beeline-ը ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքներ է սկսել Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների շրջանակում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ այս տարվա մարտի 22-ը,  Սառնաղբյուր համայնքի եւ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները:

Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:   

«Անցյալ տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքի զարգացման համար, որը մեծապես նպաստեց գերարագ լարային ինտերնետի աշխարհագրության ընդլայնմանը: Մենք կշարունակենք մեր ենթակառուցվածքների զարգացման գործընթացը` Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները դարձնելով էլ ավելի որակյալ ու մատչելի»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

2014թ. Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցեր, մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերությունն իր ձեռքբերումներից է համարում նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։