Apple ընկերությունը մտադիր է սեփական որոնողական համակարգը ստեղծել: Այս մասին է վկայում ընկերության կայքում հրապարակված թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ Apple-ը ԱՄՆ-ում փնտրում է մենեջեր, որը կմշակի Apple Search անվանումով նախագիծը: Հայտարարությունը կայքում տեղադրվել է փետրվարի 3-ին, եւ ենթադրյալ թեկնածուն պետք է աշխատի Կալիֆոռնիայի գրասենյակում:
Business Insider-ը գրում է, որ դեռ հայտնի չէ՝ Apple-ը մտադիր է լայնամասշտաբ որոնողական համակա՞րգ մշակել, որը կմրցակցի Google-ի հետ, թե՞ սեփական համակարգի ներսում որոնումներ իրականացնող հարթակ, ինչպես Facebook-ի դեպքում է: Կայքը չի բացառում, որ Apple-ը ցանկանում է բարելավել իր հավելվածների խանութների եւ կոնտենտի որոնողական գործառույթները, ինչպես նաեւ Apple Maps քարտեզագրական ծառայությունը: