15:48 | 04.02.15 | Նորություններ | 3937
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության մի խումբ աշխատակիցների հետ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակ:
Աշխատանքային այցելության ընթացքում նախարարը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ, հանդիպել է ընկերության աշխատակիցներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում նախարարը ներկայացրել է գերատեսչության առաքելությունը, ինչպես նաև պատմել ձեռքբերումների և իրականացվող բարեփոխումների մասին:
Արմեն Երիցյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությանը՝ արձանագրելով նախարարության գործունեության տարբեր ոլորտներում շոշափելի արդյունքները: Համագործակցության արդյունք են դարձել ՀՀ կառավարության սերվերային կենտրոնի ստեղծումը, դրա անխափան աշխատանքի ապահովման նպատակով մեկ ժամում 360 կՎտ էլեկտրական հոսանք արտադրող «Perkins P440E» 400 Վոլտ հզորությամբ գեներատորի տրամադրումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախարարությանը հատկացրել է նաև բջջային գերժամանակակից 100 հեռախոս, որոնց միջոցով փրկարար ծառայությունը տեսապատկերային օպերատիվ տվյալներ է փոխանցում դեպքի վայրից՝ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ), ինչպես նաև հնարավորություն է ընձեռում օգտվելու Հայաստանում ամենահզոր բջջային ցանցից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունն ամենաարդյունավետներից է: Այդ համագործակցության արդյունքում մենք ունենք ամենաժամանակակից սերվերային կենտրոնը, ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հզոր ցանցի միջոցով իրական ժամանակում կապ հաստատելու հնարավորություն, ճգնաժամային կառավարման ոլորտում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառման լայն հնարավորություններ, ինչպես նաև գերհզոր գեներատոր, որը, էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում, հնարավորություն կընձեռի ապահովել նախարարության անխափան գործունեությունը»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, շարունակաբար աջակցում է աշխարհում ամենամեծ մարտահրավերներից մեկը հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը՝ մասնավորապես տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն օժանդակելով կենսական նշանակություն ունեցող այնպիսի գործառույթների կազմակերպման հարցերում, ինչպիսիք են՝ տեղեկատվական անվտանգությունը, տվյալների պահպանությունը և ճգնաժամային իրավիճակներում պետական առանցքային ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: