18:08 | 24.12.14 | Նորություններ | 3343

Orange Հիմնադրամը նոր ծրագրեր է իրագործել Արագածոտնի մարզում

Orange Հիմնադրամը համայնքային զարգացման ծրագրեր է իրագործել Արագածոտնի մարզում:

Հիմնադրամի ներկայացուցիչները Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ պաշտոնապես բացել են Թաթուլ գյուղի մարզասրահն ու Ներքին Բազմաբերդ գյուղի նոր համակարգչային կենտրոնը: 

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ Թաթուլ գյուղում ստեղծվել է տարբեր մարզաձեւերի համար անհրաժեշտ պարագաներով եւ մարզասարքերով հագեցած մարզասրահ:

«Առաջին անգամ եմ Հայաստանում եւ ուրախ եմ մասնակից լինել այս ծրագրերի մեկնարկին: Մեծապես կարեւորում ենք երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հատկապես գյուղական համայնքներում, եւ համոզված ենք, որ թե նորաբաց համակարգչային կենտրոնը, թե այս մարզասրահը կծառայեն այդ կարեւոր նպատակին», - ասել է Orange Խմբի Հիմնադրամի գլխավոր քարտուղար Բրիժիթ Օդին:

«Orange Հիմնադրամի գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկը Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված սոցիալական կամ տնտեսական ծրագրերն են: Մեծապես ուրախ ենք ոչ միայն նպաստել հայկական հեռահաղորդակցության շուկայի զարգացմանը, այլեւ մասնակից լինել երկրի բնակչության կյանքի պայմանների բարելավմանը»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ներքին Բազմաբերդ ստեղծված համակարգչային սրահը բացվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Այն համալրված է Orange MyBox 3G երթուղիչով, որն ապահովում է մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով եւ հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Ներքին Բազմաբերդի բնակիչների համակարգչային հմտությունները եւ առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: 

Հոկտեմբերին համակարգչային կենտրոններ էին բացվել նաեւ Լոռու մարզի Աքորի եւ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղերում: Ներքին Բազմաբերդում բացված  համակարգչային սրահը թվով 28-րդն է:

Orange Հիմնադրամ Հայաստանի եւ Orange Խմբի Հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչներն այցելեցին նաեւ Հարթավան գյուղ, որտեղ այս տարի իրականացվել է առաջին «Մեկ գյուղ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը յուրաքանչյուր տարի զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրում մեկ գյուղական համայնքի համալիր զարգացմանը: 2014թ.-ին Orange Հիմնադրամն այս նախաձեռնությանը հատկացրել է շուրջ 55 միլիոն դրամ: