16:58 | 22.12.14 | Նորություններ | 2392
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արմավիրի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշում են, որ 18,2 կմ ջրագծի ներքին ցանցից 15 կմ երկարությամբ նոր՝ պոլիէթիլենային ջրատար խողովակաշար է անցկացվել: 90%-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները:
Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը: կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ: Ակնկալվում է, որ նոր պոմպի և ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո համայնքի ջրամատակարարման ցանցը կբարելավվի, ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ և շուրջօրյա: Ծրագրի ֆինանսական աջակցությունը ստանձնած կազմակերպությունների և համայնքի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողություն:
Եռակողմ համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքում, եկող տարվա գարնանը խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում:
Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6,8 հազ. բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 մլն դրամ, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ: