11:13 | 12.12.14 | Նորություններ | 3877

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ արեւային ջրատաքացուցիչ է տեղադրվել Վահան գյուղում

Գեղարքունիքի սահամանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում։

«Այլընտրանքային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ համակարգը կարեւոր է ոչ միայն հարմարավետության տեսանկյունից` տաք ձմեռ անցկացնելու իմաստով, այլեւ շահեկան է տնտեսական առումով` ֆինանսական ծախսերը նվազեցնելու առումով: Այսօրինակ ծրագրերը արդարացված են նաեւ բնապահպանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ մենք կարող ենք թեթեւացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ջրատաքացուցիչ համակարգում Հայաստանում առաջին անգամ կգործարկվեն 70 մմ տրամագծով վակուումային խողովակներ: Ակնկալվում է, որ այս համակարգը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը:

Ադրբեջանի հետ 28 կմ ընդհանուր սահման ունեցող Վահան գյուղի մանկապարտեզն ունի 42 սան եւ 11 հիմնական աշխատող:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավելի վաղ արտաքին լուսավորության լուսադիոդային լուսատուներ էին տեղադրվել Ուրցաձորում, ինչպես նաեւ ստեղծվել ու վերանորոգվել էին երեք հյուրատներ՝ հագեցած արեւային ջրատաքացուցիչներով: