15:59 | 02.12.14 | Նորություններ | 3766
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ ծրագրի արդյունքում բացվել է Հայաստանում 4-րդ ստեղծագործարանը` տեխնոլոգիաների արդի պահանջներին համապատասխանող կրթասրահը:
Արմավիրի մարզի Հացիկ համայնքի երիտասարդների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցված ուսումնական սենյակի ծառայություններից օգտվելու համար:
«Որակյալ կրթությունը առավել բարեկեցիկ կյանքի ճանապարհն է: Մեր համատեղ ծրագրի նպատակն է նորարարությունը զարգացնող հնարավորություններ եւ գիտելիք տալ գյուղաբնակ երեխաներին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք քաղաքային եւ գյուղական հաստատություններում կրթության միջեւ տարբերությունը վերացնելու համար՝ միջնակարգ կրթության համակարգում նոր մեթոդների ներմուծման միջոցով: Գյուղաբնակ երեխաներն արժանի են ավելի լավ ապագայի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը եւս երկու ստեղծագործարան շահագործման կհանձնի Լոռու մարզում, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում: