13:53 | 02.12.14 | Նորություններ | 1073
Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 11-ին լրանում է UWC Դիլիջան քոլեջում եւ UWC համակարգի այլ քոլեջներում սովորելու հայտերի ընդունման վերջնաժամկետը:
Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել են UWC Հայաստանի ազգային կոմիտեից: Այստեղ հիշեցրել են, որ հայտերը լրացվում են առցանց http://www.am.uwc.org/ կայքում:
Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին (2015 թ. սեպտեմբերի 1-ին) կլինեն 16-17 տարեկան։ 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում:
Նոյեմբերի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը եւ քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շեշտել էին, որ ուսանողների ֆինանսական հնարավորությունները դեր չեն խաղում ընդունելության մասին որոշում կայացնելիս:
Մասնավորապես, Վերոնիկա Զոնաբենդը նշել էր, որ ընդունելությունը հաջողությամբ անցած ուսանողները կարող են դիմել դրամաշնորհ ստանալու համար եւ դրամաշնորհային հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ինչ ծավալի ֆինանսավորում կստանան նրանք:
UWC համակարգում ներկայումս սովորող 22 հայ ուսանողներից բոլորն էլ ստացել են դրամաշնորհներ, որոնք ծածկել են նրանց ուսման ծախսերի 90-100%-ը:
Նվիրատուների հատկացրած դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է 1.5 միլիոն դոլար: