13:49 | 28.11.14 | Նորություններ | 4370

Beeline-ը թվայնացրեց Գանձակ համայնքի հեռախոսային ցանցը եւ ամփոփեց ֆիքսված ցանցի արդիականացման արդյունքները

Beeline-ը հայտարարել է Գանձակ համայնքում ֆիքսված ցանցի թվայնացման աշխատանքների ավարտի մասին եւ ամփոփել է ֆիքսված ցանցի արդիականացման 2014թ. արդյունքները:

Գանձակ համայնքում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրել է ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները:

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի հայաստանյան բոլոր օպերատորների ցանցեր, ինչպես նաեւ Beeline-ի ցանցում միջքաղաքային եւ դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերն արժեն 5 դր./րոպե: 

«Այս տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքներում, սկսեց տրամադրել գերարագ ինտերնետ այնտեղ, որտեղ այն չկար, եւ, որն ամենագլխավորն է, նվազեցրեց քաղաքային եւ միջքաղաքային զանգերի սակագները: Այս ամենը մենք անում ենք մեր բաժանորդների կյանքն ավելի լավը դարձնելու համար`կրճատելով նրանց միջեւ տարածությունը: Ֆիքսված կապը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում: Ավելին, հաջորդ տարի մենք նախատեսում ենք ներդրումների նշանակալի ավելացում եւ կապի նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ ներդրում», - նշել է Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է: Հայաստանում Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդներն օրական իրականացնում են ավելի քան 2 մլն. զանգ, իսկ լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդները սպառում են ավելի քան 200 ՏԲ ծավալով տեղեկատվություն: