17:26 | 26.11.14 | Նորություններ | 3444
Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) ամփոփել են «Աջակցություն Արմավիրի մարզի Շենիկ համայնքի մանկապարտեզին» ծրագիրը, որի շրջանակում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել տեղի մանկապարտեզում:
Ծրագրի շրջանակում կահավորվել եւ անկողնային պարագաներով համալրվել են հանգստի սենյակները, ինչպես նաեւ բացվել է նոր խաղահրապարակ:
«Beeline-ը ոչ միայն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր կողմից մատուցված ծառայությունները դառնան հասանելի եւ մատչելի յուրաքանչյուրի համար, այլեւ տարբեր մարզերում իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով տվյալ շրջանում առկա սոցիալական, կրթական եւ բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Այս ծրագիրը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երեխաները մեր ուշադրության կենտրոնում են, իսկ այսօր մեզ հաջողվեց Շենիկ համայնքի երեխաների կյանքը դարձնել ավելի լավը եւ պարգեւել նրանց անհոգ ու գունեղ մանկություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Լիահույս ենք, որ բարելավված մանկապարտեզ կհաճախեն ավելի մեծ թվով երեխաներ, ինչը նաեւ կնպաստի, որ իրենց մայրիկները՝ գյուղաբնակ շատ կանայք, աշխատելու հնարավորություն ունենան եւ իրենց լուման ներդնեն համայնքի ու երկրի զարգացման գործում»,- ասել է COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Նշենք, որ Շենիկ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մանկապարտեզի գույքն ամբողջությամբ մաշվել էր, իսկ ննջասենյակներում մահճակալների եւ անկողնային պարագաների բացակայության պատճառով, երեխաների համար անհնարին էր դարձել ցերեկային հանգստի կազմակերպումը: Ավելին, մանկապարտեզի ոչ լիարժեք կահավորումը խոչընդոտ էր հանդիսանում նաև նախակրթարանի՝ իր հնարավորություններից ավելի թերբեռնված աշխատելու համար: Խաղահրապարակի բացակայության պատճառով երեխաները զրկված էին բակային խաղեր կազմակերպելու եւ ապահով վայրում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու հնարավորությունից: