17:52 | 25.11.14 | Նորություններ | 4255
Կայացել է «Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում առաջին հորիզոնականը կիսել են Երեւանից IRC եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը: Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած եւ ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարել են տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները:
Նշենք, որ կազմակերպիչների սահմանած «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Digital Cloud թիմը, իսկ Գավառի N2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացել է «Ամենաերիտասարդ թիմ» խրախուսական մրցանակին: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել են լուծել առաջադրված խնդիրները:
Մրցույթի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ գործընկերը՝ World Vision Հայաստանը:
«Ակնհայտ է, որ դպրոցական ինժեներական խմբերը եւ այս մրցույթը տարածված են երիտասարդության եւ աշակերտների շրջանում: Սա մեզ ստիպում է ոչ միայն լայնացնել ռոբոտաշինական խմբերի աշխարհագրությունը եւ մեծացնել երիտասարդների ներգրավվածությունը, այլեւ հետագայում եւս կազմակերպել նման մրցույթներ, իսկ առաջադրանքները դարձնել ավելի բարդ»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ եւ ի հայտ բերել օժտված պատանիների եւ աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում:
Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 50-ը՝ մարզերում եւ Արցախում: