16:02 | 18.11.14 | Նորություններ | 3609

Մեկնարկում է «WebԾիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում են «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց  կինոփառատոնը:

Այն մեկնարկում է 2014թ. նոյեմբերի 18-ին եւ կավարտվի 2015թ.-ի փետրվարի 25-ին:

«Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է WebԾիրան համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարեւոր այս իրադարձություն շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին հնարավորություն է տալիս առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը ներկայացնել հանդիսատեսին: Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակ՝ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու եւ պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքների վրա հրավիրելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 000 ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: