16:35 | 17.11.14 | Նորություններ | 1055

Սիսիանում կայացել է Հայաստանում առաջին երիտասարդական TEDx միջոցառումը

Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում «Առաջընթացի անիվ» խորագրի ներքո նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ առաջին երիտասարդական TEDxYouth@Sisian միջոցառումը:

Այն պաշտոնապես արտոնագրված էր միջազգային TED կազմակերպության կողմից եւ առաջնորդվում էր TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

Միջոցառման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից 16-24 տարեկան 15 բանախոսներ ներկայացրեցին իրենց ելույթները բազմաբնույթ թեմաներով՝ ամենանվիրական երազանքներից ու բեկումնային որոշումներից մինչեւ էկոլոգիական խնդիրներ, կրթության հիմնահարցեր եւ երեխաների իրավունքներ։

Սյունիքի մարզի Գորայք գյուղը ներկայացնող բանախոս Լիլիթ Թադեւոսյանն, օրինակ, ելույթի ընթացքում կիսվեց իր հիշողություններով այն մասին, թե ինչպես թե՛ դպրոցում, թե՛ տանը ուսուցիչներն ու ծնողները ստիպում էին նրան, որ գրիչը, ատամի խոզանակը, պատառաքաղը եւ այլ կենցաղային իրերը աջ ձեռքով բռնի: Իր զվարճալի ելույթում Լիլիթը փաստարկներ էր բերում նման դաստիարակչական մեթոդների դեմ, եւ միաժամանակ կոչ անում աշխարհի բոլոր ձախլիկներին երբեք չկաշկանդվել մարդկանց զարմացած հայացքներից եւ հպարտանալ, որ պատկանում են բնակչության այն չնչին 17%-ին, որոնք պատիվ ունեն ձախլիկ կոչվելու:

Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքից բանախոս Բաբկեն Ղարաբաղցյանն էլ պատմել է, թե ինչպես 12 տարեկան հասակում անքուն գիշերներից, հիասթափություններից եւ տաժանակիր աշխատանքից հետո պատրաստել է իր առաջին նետն ու աղեղը: Դրան հետեւել է զրոյից հեծանիվը հավաքելու ծանր ու երկարատեւ գործընթացը: Բաբկենն իր խոսքում հորդորել է մարդկանց հավատալ, որ անիրագործելի ցանկություններ գոյություն չունեն, նույնիսկ, երբ դրանց իրագործումը դժվար եւ անգամ անհնարին է թվում:

Գավառ քաղաքից մեկ այլ բանախոս Մարիամ Մուրադյանը արդեն 5 տարի է, ինչ աշխատում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա կիսվել է այն դասերով, որ քաղել է իր աշխատանքային փորձի ընթացքում: Իր համոզիչ ելույթում Մարիամը քաջալերել է մարդկանց հնարավորություն տալ երեխաներին սեփական փորձն ունենալ, թույլ տալ երեխաներին որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: Նա վստահեցրել է, որ հաճախ խնդիրները լուծվում են, երբ մենք փոխում ենք մեր վերաբերմունքը եւ հաշվի նստում երեխաների կարծիքի հետ:

TEDxYouth@Sisian միջոցառման կազմակերպական թիմի աշխատանքներին ակտիվ մասնակցել են հենց իրենք՝ Սիսիան քաղաքի երիտասարդները, ովքեր նախնական դասընթացների են մասնակցել Սիսիանի տարածաշրջանի Վորլդ Վիժն-ի գրասենյակում: Թումո ստեղծարար տեխնոլոգիաներ կենտրոնի սաները նույնպես աջակցել են միջոցառման կազմակերպչական աշխատանքներին:

Միջոցառման աջակիցներն են Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Հավելենք, որ TEDxYouth@Sisian միջոցառման բոլոր ելույթները տեսագրվելու եւ տեղադրվելու են կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրների ավելի լայն տարածմանը: