11:28 | 12.11.14 | Հարցազրույցներ | exclusive 158026

Միխայիլ Գերչուկ. Ինտերնետը առաջնային դեր է ստանձնում

«Վիմպելկոմ» ընկերությունների խմբի գլխավոր կոմերցիոն տնօրեն, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնակատար Միխայիլ Գերչուկի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

- 2014 թ. 3-րդ եռամսյակի տվյալները վկայում են, որ «ԱրմենՏել»-ը հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել: Ո՞ր գործոնները դարձան այդ աճի հիմնական շարժիչ ուժը:

- Առաջին հերթին, մենք շարունակում ենք ներդրումներ կատարել բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի որակի բարձրացման համար, բարելավում ենք 3G ցանցի ծածկույթը, արդիականացնում ենք լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքը:

Երկրորդ կարեւոր գործոնը հաճախորդների սպասարկման որակի բարելավումն է:
Կապի որակի բարելավման նպատակով իրականացված ներդրումների գլխավոր արդյունքը եղավ բաժանորդների արտահոսքի ծավալի էական կրճատումը եւ նոր բաժանորդների ներհոսքը: Ս.թ. III եռամսյակում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ, մեր բաժանորդների բազան աճել է 9%-ով, իսկ բաժանորդների արտահոսքը նվազել է 10%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների մատուցման որակի բարձրացմամբ։

Բնականաբար, ծառայությունների որակի մեջ կատարած ներդրումները ֆինանսական ցուցանիշների աճ են ապահովում: Մասնավորապես, մեր եկամուտները շարժական ինտերնետից մեկ տարվա ընթացքում ավելացել են 30%-ով:

- Ինչպիսի՞ն են «Վիմպելկոմի» մոտակա ծրագրերը հայաստանյան շուկայում՝ ի՞նչ ակնկալեն բաժանորդները 2015 թ-ին: 

- Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում մենք լուրջ դրական զարգացումներ ենք նկատում բջջային եւ լայնաշերտ ինտերնետի հատվածներում: Եթե ձայնային ծառայությունների աճը գրեթե կանգ է առել, ապա ինտերնետը զարգանում է ահռելի արագությամբ՝ դառնալով հետագա զարգացման հիմնական շարժիչը: Սա էլ իր հերթին ներդրումներ է պահանջում:

Ինտերնետը հաճախորդների համար առաջնային կարեւորություն է ստանում, իսկ ձայնային ծառայությունները փաստացի «լրացում» են դառնում: Մի իրավիճակ է ստեղծվում, երբ բաժանորդն առաջին հերթին ձեռք է բերում որոշակի ինտերնետային սակագնային պլան, դրա հետ մեկտեղ ստանալով ձայնային, SMS կամ այլ ծառայություններ: Մենք սկսել ենք Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ տանել նման փաթեթային առաջարկները:
   
- Կարելի՞ է ասել, որ ձեր ֆիքսված ցանցը Հայաստանում հիմնականում օգտագործվելու է ոչ թե ձայնային ծառայություններ, այլ ինտերնետ մատակարարելու համար:

- Քանի դեռ մարդիկ ավանդական (ֆիքսված) կապի ծառայությունների կարիք են զգում, մենք, անկասկած, դրանք մատուցելու ենք: Դա հատկապես կարեւոր է հեռավոր բնակավայրերի պարագայում:

Այնուամենայնիվ, բջջային ինտերնետը ավելի արագ է զարգանալու, քան ֆիքսվածը, քանի որ այն ավելի արագ եւ հարմար է: Ինտերնետ են տեղափոխվում ոչ միայն ձայնային ծառայությունները, այլեւ զվարճանքները (խաղերը), հեռուստատեսությունը: Ես, օրինակ, հեռուստատեսությամբ միայն ֆուտբոլ եմ դիտում, իսկ բոլոր մնացած հաղորդումները ստանում եմ video on demand տեխնոլոգիայով՝ ինտերնետի միջոցով:

- Այս տարի Հայաստանում ներդրվեց բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP), որը, սակայն, զգալի փոփոխություններ չստեղծեց շուկայում: Արդյո՞ք արդարացված էին այդ համակարգի ստեղծման համար արված ներդրումները:

- MNP-ն հաճախորդներին ընտրության ավելի լայն հնարավորություններ է տալիս, եւ դա լավ է: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Հայաստանում այդ համակարգը բավականին արդյունավետ ու տնտեսող եղանակով ներդրվեց՝ այլ երկրների համեմատ:

Իսկապես, մենք բավականին զուսպ հետաքրքրություն ենք նկատում MNP-ի նկատմամբ: Այս ծառայությունից օգտվել են բնակչության 0,5%-ից էլ պակաս մարդիկ: Հետեւաբար` դա շուկայում լուրջ փոփոխության չհանգեցրեց: Դրա հետ մեկտեղ Beeline-ը Հայաստանում առաջատարն է՝ մեր ցանց տեղափոխվելու ցանկացողների թվի առումով: Մեզ մոտ շատ ավելի մեծ թվով բաժանորդներ տեղափոխվեցին, քան գնացին այլ օպերատորների մոտ: Մենք գիտենք, որ այսօր մարդիկ մնում են մեզ հետ ոչ թե իրենց համարը կորցնելու մտավախությունից, այլ գիտակցաբար են նախապատվությունը տալիս հենց Beeline-ի ծառայություններին:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում:

- Հայաստանում մրցակցությունը բավականին ագրեսիվ է, եւ որպես հետեւանք, ցածր են գները: Դա լավ է հաճախորդների համար, բայց օպերատորները պետք է ներդրումներ կատարելու հնարավորություն ունենան: Երբեմն կարող է թվալ, որ օպերատորները մեծ եկամուտ են ստանում, սակայն պետք է նկատի ունենալ, որ եկամտի մեծ մասը մենք ներդնում ենք ցանցերի զարգացման համար:

- 10-15 տարի առաջ մարդիկ ձգտում էին ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալ: Այսօր տեղեկատվության ծավալներն այնքան են մեծացել, որ մարդիկ պարզապես չեն հասցնում յուրացնել դրանք, բայց չեն էլ կարողանում հաղթահարել կախվածությունը ինտերնետից: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է գտնել «ոսկե միջինը»:

- Կարծում եմ, որ ինֆորմացիայի առատությունը մարդկանց ընտրության հնարավորություն է տալիս, ինչը շատ կարեւոր է: Այլ հարց է, որ պետք է իմանալ, թե ինչպես օգտվել այդ ազատությունից: Սպառման հայեցակարգի փոփոխություն է տեղի ունենում: Եթե առաջ մարդիկ սպառում էին ինչ ասես, ապա այսօր ընտրում են այն, ինչն իրենց իսկապես հետաքրքրում է: Այդ պարագայում օպերատորի խնդիրը անհրաժեշտ որակ եւ ենթակառուցվածքներ ապահովելն է:

- Գիտենք, որ հայկական արմատներ ունեք: Կպատմե՞ք այդ մասին:
 
- Այո, իմ պապիկը (մայրիկիս հայրը) հայ էր, նրա անունն էր Քրիստափոր Չերչեպյանց: Ցավոք, նա վաղուց մահացել է, բայց ես նրան շատ լավ եմ հիշում: Նա անցել էր ողջ Մեծ Հայրենական պատերազմը. որպես շարքային էր զորակոչվել, իսկ ծառայությունն ավարտեց մայորի կոչումով: Պապս ինձ պատերազմից շատ պատմություններ էր պատմում, եւ դրանք տպվել են հիշողությանս մեջ: Նա շատ կենսուրախ մարդ էր, սիրում էր մեծ հավաքույթներ, տարբեր երաժշտական գործիքների էր տիրապետում: Անշուշտ, գալով Հայաստան, ես զգում եմ, որ սա իմ նախնիների երկիրն է, եւ դա շատ հաճելի զգացողություն է:

Միխայիլ Գերչուկի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը