12:50 | 10.09.14 | Նորություններ | 1091

«Apple»-ը ներկայացրել է iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնները

Երեկ «Apple» ընկերությունը ներկայացրել է իր iPhone 6 եւ iPhone 6 Plus նոր սմարթֆոնները:

Երկու մոդելներն էլ նախկինների համեմատ ավելի մեծ էկրան ունեն. ստանդարտ iPhone 6-ի էկրանը 4.7 դյույմ է, իսկ iPhone 6 Plus-ինը՝ 5.5 դյույմ:

iOS 8 օպերացիոն համակարգով աշխատող iPhone 6-ի հիշողության ծավալը կտրուկ մեծացել է՝ հասնելով առավելագույնը 128GB-ի, ինչը կրկնակի ավել է նախկին մոդելների հիշողությունից: iPhone 6-ը (6.9 մմ) եւ iPhone 6 Plus-ը (7.1 մմ) ավելի բարակ են, քան iPhone 5s-ը (7.6 մմ):

Որակական փոփոխություններ է կրել նաեւ սմարթֆոնի տեսախցիկը՝ դառնալով 8.8 մեգապիքսել:

Նոր iPhone-ն աշխատում է Apple A8 64-բիթանոց ինտեգրալ սխեմայով (չիփ), հետեւաբար աշխատանքի արագությունը 50%-ով կգերազանցի նախորդ մոդելների նույն ցուցանիշին: 40-50%-ով աճել է նաեւ սմարթֆոնի՝ առանց մարտկոցի լիցքավարման աշխատանքի ժամանակահատվածը: Երաժշտություն լսելու դեպքում նոր iPhone 6-ի լիցքը կբավականացնի 50-60 ժամ, տեսանյութեր դիտելու դեպքում՝ 11-14 ժամ, իսկ wi-fi բրաուզինգի դեպքում՝ 11-12 ժամ:

ԱՄՆ-ում պայմանագիր կնքելու դեպքում նոր iPhone-ը կարելի է ձեռք բերել սկսած 199, իսկ առանց պայմանագրի՝ սկսած 649 դոլարից: iPhone 6 Plus-ի գինը պայմանագրի դեպքում կլինի սկսած 299, իսկ առանց պայմանագրի՝ 749 դոլարից:

Երկու մոդելների վաճառքը կսկսվի միաժամանակ: ԱՄՆ-ում գնման գործարքը կարելի է ձեւակերպել սեպտեմբերի 12-ից, իսկ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 19-ից:

Նույն օրը Apple-ը ներկայացրել է նաեւ իր առաջին սմարթ ժամացույցը:

Քառակուսի էկրանով Apple Watch-ի միջոցով կարելի է բազմաթիվ գործառույթներ իրականացնել: Օրինակ, այն կարող է ծառայել որպես երաժշտական նվագարկիչ: Ժամացույցը նաեւ հնարավորություն է տալիս օգտվել մի շարք հավելվածներից՝ ակցիաներ, սոցիալական ցանցեր, ընկերների հետ շփվելու հնարավորություն:

Apple Watch-ն ունի նաեւ սեփական առողջությունը վերահսկելու հնարավորություն՝ թույլ տալով չափել սրտի աշխատանքը, քայլերի հաճախականությունը եւ այլն: