15:17 | 30.05.14 | Նորություններ | 4714

ՏՄՊՊՀ. “ԱրմենՏելը խոչընդոտել է Ռոստելեկոմի գործունեությանը”

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Ռոստելեկոմ ընկերության դիմումի հիման վրա կատարած քննության արդյունքում պարզել է, որ “ԱրմենՏելը խոչընդոտել է Ռոստելեկոմ գործունեությանը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում ասել է հանձնաժողովի Վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Աննա Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ, Ռոստելոեկմը ապրիլ ամսին հանձնաժողովին հայտնել է, որ իր ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնելու եւ բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով կարիք է ունեցել վարձակալելու “ԱրմենՏել” ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: Ռոստելեկոմը տեղեկացրել է, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները, սակայն “ԱրմենՏելը” ներկայացրել է պայմանագիր, որում, օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից բացի, ներառված են եղել լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան կտրվածքով կազմում են մոտ 1 մլն 720 հազ. դրամ:

«Փաստացի Ռոստելեկոմը չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն ԱրմենՏելը: Վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, ԱրմենՏելը փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ եւ լրացուցիչ գումար գանձել:  ԱրմենՏելը պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները»,- ասել է հանձնաժողովի մասնագետը:

Նիստին ներկա Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ասել է, որ գործի քննության ընթացքում ԱրմենՏելը, տեղեկանալով վարույթի մասին, ընկերության հետ սկսել է աշխատել օրենքի շրջանակներում` առանց լրացուցիչ պայմաններ առաջարկելու: Հայկ Ֆարամազյանը նշել է, որ, ելնելով ԱրմենՏելի քայլերից, Ռոստելեկոմը առաջարկել է կարճել գործի քննությունը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նկատել է, որ հանձնաժողովի համար ամենակարեւորը խնդրին լուծում տալն է: