12:58 | 30.05.14 | Նորություններ | 2730
Մոբայլ հավելվածների Mobile App Expo-2014 առաջին ցուցահանդեսի շրջանակներում Երեւան են այցելել նաեւ ոլորտի ներկայացուցիչներ Ղազախստանից ու Տաջիկստանից:
Մեդիամաքս-ի հետ զրույցում Ղազախստանի ներկայացուցիչ Ալիբեկ Սաբրալիեւն ու Տաջիկստանի ներկայացուցիչ Ամիրխոնի Նոսիրը ասել են, որ մոբայլ հավելվածների մշակումն իրենց երկրներում ակտիվ զարգացում է ապրում:
Այսպես, «Ինտերվեյլ» ղազախստանյան ընկերությունը զբաղվում է հավելվածների մշակմամբ մոբայլ-բանկինգի եւ sms-բանկինգի համակարգերի համար:
«Ավելի մեծ թվով բանկեր սկսում են կիրառել ժամանակակից մեթոդներ, ներառյալ տարբեր հավելվածների մշակումը մատուցվող ծառայությունների վճարման համար: Բացի դրանից, երկրում սմարթֆոնների թվի աճին զուգահեռ` ավելանում է նաեւ հավելվածների սպառողների թիվը», - ասել է Ալիբեկ Սաբրալիեւը:
Նրա խոսքերով, Ղազախստանում ամենամեծ պահանջարկն ունեն սոցիալական հավելվածները, ինչպես նաեւ ֆինանսական հատվածի համար մշակված լուծումները:
Ինչպես եւ Հայաստանում, Ղազախստանում դեռ քիչ են մայրենի լեզվով հավելվածները: Ալիբեկ Սաբրալիեւի խոսքերով, հավելվածների մեծ մասը մշակվում է ռուսերեն լեզվով:
Տաջիկստանի ներկայացուցիչ Ամիրխոնի Նոսիրն ասել է, որ իրենց մոտ տարածված են օտար լեզուների (օրինակ, չինարենի, գերմաներենի) ուսուցման համար նախատեսված հավելվածները:
«Մեր Adad LLC ընկերությունը զբաղվում է ուսումնական գործընթացի ավտոմատացման հավելվածների մշակմամբ: Բացի դրանից, դրանք տարբեր խաղեր են դպրոցականների եւ ուսանողների համար»,- պատմել է Ամիրխոնի Նոսիրը:
Նրա խոսքերով, բջջային հավելվածների հիմնական լեզուն ռուսերենն է:
Mobile App Expo-2014 ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 31-ը: