12:27 | 30.05.14 | Նորություններ | 4103
Երեւանում առաջին անգամ անցկացվում է մոբայլ հավելվածների Mobile App Expo-2014 ցուցահանդեսը:
Դրան մասնակցում են շուրջ 40 ընկերություններ, որոնք ներկայացնում են արդեն պատրաստի խաղերի մոբայլ հավելվածներ, բիզնեսի, սոցիալական եւ կրթական ոլորտների, ազատ ժամանցի համար մշակված լուծումներ:
Mobile App Expo-2014-ի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «էմ լաբ էկա» (mLab ECA) ընկերությունը եւ Microsoft հայաստանյան նորարարական կենտրոնը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ցուցահանդեսի բացմանն ասել է, որ ՏՏ ոլորտը դինամիկ զարգացում է ապրում Հայաստանում, վերջին տարիներին՝ հատկապես մասնավոր սեկտորի աջակցությամբ:
EIF-ի ղեկավար Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ Հայաստանում ակտիվ զարգանում է նաեւ մոբայլ հավելվածների բնագավառը. հայ մասնագետների կողմից մշակվել են համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հավելվածներ:
Mobile App Expo-2014-ին մասնակցում է նաեւ Օրանժ Արմենիա ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին եւ ասել, որ մոբայլ հավելվածների բնագավառն ընկերության առաջնահերթություններից է:
Ցուցահանդեսի շրջանակում, որը կտեւի մինչեւ մայիսի 31-ը, կկազմակերպվեն մոբայլ խաղերի մրցաշար, բաց դաս աշակերտների համար ԱրմԹաբ-ի օգտագործմամբ: Իսկ մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից մշակված մոբայլ հավելվածների գաղափարներ: