Amazon-ը եւ Twitter-ը հայտարարել են AmazonCart համատեղ նոր նախագծի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է Kommersant.ru-ն, այսուհետ Amazon-ում վաճառվող ապրանքը կարելի է ավելացնել գնման զամբյուղ՝ Twitter-ում ընդամենը մեկ հեշթեգի օգնությամբ:
Ըստ նախագծի, Amazon.com-ն այսուհետ Twitter-ի իր էջում կտեղադրի տարբեր ապրանքների առաջարկներ` դրանք նշելով #AmazonCart հեշթեգով: Ցանկացած օգտատեր, տեսնելով այն, կարող է շատ արագ պատասխանել առաջարկին ՝ օգտագործելով տվյալ ապրանքի հղումը եւ նշված հեշթեգը: Սա թույլ կտա օգտատերերին ինֆորմացիոն հոսքում չկորցնել դուր եկած ապրանքատեսակը եւ ժամանակ տնտեսել:
Նախատեսվում է, որ AmazonCart նախագիծը կօգնի Amazon ընկերությանը ավելացնել վաճառքի ծավալները, իսկ Twitter-ին այս գործարքը հնարավորություն կտա մոնետիզացնել իր բիզնեսը, ինչն արդեն երկար ժամանակ ներդրողները պահանջում են ընկերության ղեկավարությունից: