13:34 | 06.05.14 | Նորություններ | 3827

11-րդ Ոսկե ծիրանը նվիրված կլինի Փարաջանովին

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 13-ից 20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» 11-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Նրա խոսքով, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվեն ոչ միայն Փարաջանովի ֆիլմերը, այլեւ ֆիլմեր նրա մասին, կկազմակերպվի ցուցահանդես եւ կլոր սեղան:

Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրել է, որ 11-րդ «Ոսկե ծիրան»-ը կբացվի Փարաջանովի ֆիլմերից մեկով՝ կամ վերականգնված «Նռան գույն»-ով, կամ վավերագրական գործերից մեկով:

«Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ փառատոնի շնորհիվ Հայաստանը տարեց տարի ավելի ճանաչելի է դառնում միջազգային հանրությանը:

«Ամեն տարի ամռանը, երբ անցկացվում է կինոփառատոնը, Երեւանը մշակութային խաչմերուկի է վերածվում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի փառատոնն արդեն 1500-ից ավել ֆիլմեր է ստացել 101 երկրից: Ֆիլմերի քանակությամբ առաջին տեղում Գերմանիան է՝ 140, հետո Ռուսաստանը՝ 120: Հայաստանն այս տարի կներկայացնի շուրջ 60 ֆիլմ:

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմով: