14:01 | 23.04.14 | Նորություններ | 4042

Երեւանում եւ Գյումրիում կներդրվի Smart School ծրագիրը

Երեւանում եւ Գյումրիում կներդրվի Smart School (Խելացի դասասենյակ) ծրագիրը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին եռակողմ հուշագիրն այսօր ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը եւ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը:

Ծրագրի շրջանակներում Dasaran.am կրթական ծրագրի գործընկեր Samsung Electronics-ը Գյումրիի “Ֆոտոն” վարժարանում եւ Երեւանի պետական համալսարանում կիրականացնի մեկական դասարան-լսարանի կահավորում արդի սարքավորումներով:

Հուշագրի ստորագրումից հետո Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Samsung Electronics-ին ծրագրի իրականացման եւ սոցիալական պատասխանատվության համար` նշելով, որ «դրա շրջանակներում նախապես ընտրված կրթական հաստատություններում կներդրվի փոխկապակցված էլեկտրոնային միջավայր, որը կրթական ծրագիրը կդարձնի ավելի հեշտ եւ ժամանակից»:

Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը նշել է, որ համագործակցությունը լինելու է շարունակական, եւ Smart School-ը համագործակցության սկիզբն է միայն: Իսկ Սուրեն Ալոյանը նկատել է, որ այս քայլը խթան կհանդիսանա կրթական միջավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման համար:

Նախատեսվում է ծրագիրը վարժարանում ավարտել ընթացիկ տարվա մայիսին, իսկ ԵՊՀ-ում` սեպտեմբերին: