12:08 | 18.03.14 | Նորություններ | 3803

Օպերատորները մեկնաբանել են ՏՄՊՊՀ որոշումը` խիստ նախազգուշացում հայտարարելու մասին

«ԱրմենՏել» ընկերությունը համամիտ չէ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշման հետ, որով խիստ նախազգուշացում էր տրվել «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» եւ «Օրանժ Արմենիա» ընկերություններին՝ շարժական (USB) մոդեմի միջոցով ինտերնետ ծառայությունների մատուցման վերաբերյալ:
 
Մարտի 14-ին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասել էր, որ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված վերոնշյալ ընկերությունների գործունեության հետ:

Նկատողության հիմք է հանդիսացել նշված ընկերությունների կողմից մշակված պայմանների այն դրույթը, որը թույլ է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

«Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցը չի համապատասխանում իրականությունը», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւ Այրումյանը:

Նա նշել է, որ «ընկերության բաժանորդները փաստացի վճարում են միայն օգտագործված ծառայությունների համար»:

Orange Արմենիա-ի կորպորատիվ հարցերի եւ հանրային կապերի համակարգող Գայանե Իգիթյանը Մեդիամաքս-ին ասել է, որ հանձնաժողովը տեղյակ չի պահել ընկերությանը նախատեսվող նիստի մասին:

«Մինչ օրս հանձնաժողովի որոշումը չենք ստացել եւ մանրամասն պարզաբանումներ կներկայացնենք այն ստանալուց հետո», - ասել է Գայանե Իգիթյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանն էլ Մեդիամաքս-ին ասել է, որ հանձնաժողովը ընկերությանը ծանուցել էր միայն այս հարցի վերաբերող ուսումնասիրության մասին:

«Ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացվել են հիմնավորումներն առ այն, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը լիովին համապատասխանում է օրենքի պահանջներին: Վարչական վարույթի մասին ընկերությանը չի ծանուցվել», - ասել է նա:

Վահե Իսահակյանը հավելել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանձնաժողովի համապատասխան նիստին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչպես նաեւ չի ստացել հանձնաժողովի որոշումը եւ դրա մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: