10:46 | 17.03.14 | Նորություններ | 3445
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ներդրված են մի քանի համակարգեր, որոնք թույլ են տալիս զտել SMS-հաղորդագրությունները եւ արգելափակել սփամ հանդիսացող հաղորդագրությունները:
Այս մասին Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
Նա նշել է, մասնավորապես, «հակասփամ» (anti-spam) ծրագիրը, որն ուղղված է անցանկալի SMS-հաղորդագրություններ հայտնաբերելուն եւ այդ կերպ` բաժանորդներին այդ հաղորդագրություններից պաշտպանելուն:
Վահե Իսահակյանը պարզաբանել է, որ ընկերությունում ներդրված SMPP պրոտոկոլը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել եւ առանձնացնել սովորական կարճ հաղորդագրությունը կասկածելի սփամից:
Վահե Իսահակյանի խոսքով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետեւողական է SMS-սփամի կանխարգելման հարցում: Ընկերությունն արդեն տեւական ժամանակ իր բաժանորդներին պաշտպանում է համացանցից ուղարկվող անցանկալի կարճ հաղորդագրություններից, ասել է նա:
«Գրեթե ամեն օր մեր ընկերությունն արգելափակում է հարյուրավոր սփամ-հաղորդագրություններ՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն բաժանորդներին», - ասել է նա:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր սահմանափակել SMS հաղորդագրությունների տարածումը, Վահե Իսահակյանն ասել է.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է պրեմիում ծառայություններ մատուցող մի քանի ընկերության հետ: Մեր ընկերության եւ պրեմիում ծառայությունները մատուցող այդ ընկերությունների միջեւ հարաբերությունները կարգավորող պայմանագրի դրույթներից մեկը որոշակի պատժամիջոցներ է սահմանում այն դեպքերի համար, երբ պրեմիում ծառայություններ մատուցող ընկերությունը բաժանորդներին գովազդային կարճ հաղորդագրություններ է ուղարկում` առանց օպերատորի հետ նախնական համաձայնության»: