15:19 | 20.02.14 | Նորություններ | 5350
ԱրմենՏելը շարունակում է IPTV ծառայությունը գործարկելու աշխատանքները:
Այդ մասին այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` հավելելով, որ դեռեւս չի կարող կոնկրետ ժամկետներ մատնանշել:
«Դա դժվարին խնդիր է` կապված որոշ սահմանափակումների հետ` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»,- ասել է նա:
Միաժամանակ, գլխավոր տնօրենը նշել է, որ IP-հեռուստատեսությունը առաջնահերթ ուղղություն է ինչպես իր, այնպես էլ ընկերության համար:
«Մենք ունենք բաժանորդային մեծ բազա, բաժանորդները մեզ սիրում ու վստահում են, նրանք վստահ են, որ մենք լավ ծառայություն կմատուցենք»,- ասել է Անդրեյ Պյատախինը:
Մեդիամաքս-ը նշում է, որ հանդես գալով 2013թ. իր առաջին մամուլի ասուլիսում` Անդրեյ Պյատախինը հեռուստատեսային ծառայությունների ներդրումն անվանել էր իր անձնական առաջնահերթ խնդիրը: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչո՞ւ ընկերությունը մինչ օրս IPTV ծառայություն չի տրամադրում, Անդրեյ Պյատախինը խոստովանել էր, որ ընկերության աշխատակիցներին այդ հարցն ուղղել է ԱրմենՏել-ի ղեկավարի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը:
Դեռեւս 2011թ. հունվարին Պյատախինին ԱրմենՏելի գլխավոր տնօրենի պաշտոնում նախորդած Իգոր Կլիմկոն ասել էր, որ ընկերությունն ակտիվորեն փորձարկում է IP-հեռուստատեսության ծառայությունը: Նա նշել էր, որ «ծառայության առեւտրային գործարկումը տեղի կունենա այն ժամանակ, երբ IP-հեռուստատեսության որակը համապատասխանի որակի բարձր չափանիշներին»: