13:43 | 14.02.14 | Նորություններ | 4026

Beeline Scholarship ծրագրով կրթաթոշակի են արժանացել 95 ուսանողներ

Այսօր ամփոփված Beeline Scholarship ծրագրի արդյունքներով «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) կողմից 95 ուսանողներ արժանացել են կրթաթոշակի:

Beeline Scholarship ծրագիրն իրականացվել է Բրիտանական խորհուրդի եւ «ԱրմենՏել»  ՓԲԸ-ի կողմից՝ ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար ՀՀ պետական բուհերի ուսանողները պետք է ներկայացնեին ծրագիր-առաջարկներ՝ նշելով, թե ինչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել իրենց ոլորտում:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը, շնորհավորելով կրթաթոշակակիրներին, նշել է, որ «Արմենտել»  ընկերությունը կարեւորում է նման միջոցառումները, համոզված լինելով, որ լավագույն ներդրումները դրանք կրթական ներդրումներն են:

«Փորձել ենք ուսանողների ուշադրությունը հրավիրել այն փոփոխությունների վրա, որոնց իրականացման դեպքում կարելի է առաջխաղացման հասնել սեփական մասնագիտության մեջ: Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին համոզել, որ այդ փոփոխություններն իրականացնելու ճանապարհին կան մարդիկ, ովքեր կարող են նրանց աջակցել»,- ասել է Մերուժան Միքաելյանը:

«Դուք ստանում եք գումար, որը ձեր մտավոր գործունեության արդյունքն է, եւ դուք այն վաստակել եք: Ընտրություն կատարելիս մեզ չի հետաքրքրել ձեր առաջադիմությունը, մեզ հետաքրքրել են ձեր գաղափարները»,- ուսանողներին ուղղված խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

«Սա կարող է ձեզ համար ճանապարհ բացել դեպի համաշխարհային կրթություն»,-  ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ով էլ հայտարարել է այն հաջողակ ուսանողի անունը, ով ամռանը Միացյալ Թագավորությունում մի քանի շաբաթ տեւողությամբ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն կստանա:
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Միացյալ Թագավարություն մեկնելու է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թովմասյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշել է, որ 2013 թ-ի նոյեմբերին հայտարարված մրցույթին ներկայացվել է 568 հայտ: Նրա խոսքերով, լավագույն ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվել նորարարությունը, ստեղծագործ մտածողությունը եւ արդիականությունը:

Ի դեպ, կրթաթոշակի արժանացած ուսանողների մեծ մասը ներկայացնում է ԵՊՀ-ն, երկրորդ տեղում է ՀՊՏՀ-ն է: Կրթաթոշակակիրներից 7-ը ներկայացնում են ՀՀ մարզերը: