16:38 | 13.02.14 | Նորություններ | 1241

Դրամաշնորհային մրցույթին մասնակցում են 29 ընկերություններ

Այսօր մեկնարկած Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ծրագրերի ներկայացումների երկօրյա միջոցառման ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնելու են 29 ընկերություններ:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս մրցույթը նպատակ ունի աջակցել ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին եւ թիմերին, մշակել ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի նոր լուծումներ եւ դրանք ներդնել տարբեր գործընթացների բարելավման եւ զարգացման համար:
 
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 10 հազարից մինչեւ $50 հազ.:

«Նորդիք Էքսելենս» ՍՊԸ-ի ներկայացրած «Dental World Armenia» նախագիծը միտված է Հայաստանում զարգացնել ատամնաբուժական տուրիզմը: Նախագծի հեղինակներից Աշոտ Խուդգարյանի խոսքերով, նպատակ ունեն որակյալ եւ մատչելի ատամնաբուժական ծառայություններ փնտրողին կապել այդ ծառայությունը մատուցողի հետ, ինչն արվելու է օնլայն: 
 
«Որպես թիրախային խումբ ընտրել ենք Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին: Մինչեւ Հայաստան ժամանելը հաճախորդը կայքի միջոցով գտնում է իրեն անհրաժեշտ ատամնաբույժին, ստանում անվճար խորհրդատվություն, ապա Երեւան ժամանելուց հետո մենք նրան անվճար տեղափոխում ենք դեպի կլինիկա եւ հետ ուղղություններով: Ունենք 500-հազար հոգանոց թիրախային շուկա: Ի դեպ, 24 առաջատար ատամնաբույժներ արդեն իսկ համաձայնվել են համագործակցել մեր կայքի հետ»,- նշել է Աշոտ Խուդգարյանը: 

Ավելացնենք, որ մրցույթն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Էլ-հասարակության եւ մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: