10:11 | 20.01.14 | Նորություններ | 3988
Հունվարի 18-19-ին «ԱրմենՏել» ընկերությունը «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ անցկացրել է Հայաստանում բջջային բովանդակության ոլորտին նվիրված սեմինար` բջջային հավելվածների հայաստանյան ծրագրավորողների մասնակցությամբ:
Mobile Developer Day խորագիրը կրող սեմինարի ընթացքում խոսվել է բջջային բովանդակության զարգացման եւ ձեւավորման մասին` մասնակից բջջային բովանդակություն մշակող ծրագրավորողների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
Microsoft Հայաստանյան գրասենյակի ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը ներկայացրել է բջջային հավելվածներ ձեւավորելու գործում Windows Phone-ի ընձեռած հնարավորությունները:
«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը խոսել է հեռահաղորդակցության ոլորտում բջջային հավելվածների դերի, Հայաստանում սպասելիքների եւ առաջիկա անելիքների մասին:
«ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից Հայաստանը մեծ ներուժ ունի: Այսպիսի սեմինարները կարեւոր են, քանի որ նման քննարկումների ու մտքերի փոխանակման ընթացքում են ծնվում լավագույն գաղափարները»,-ասել է Անդրեյ Պյատախինը:
Նա համոզմունք է հայտնել, որ իրենց օգնությամբ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին կհաջողվի ստեղծել այնպիսի առաջարկներ, որոնք կօգտագործվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում ու սփյուռքում, եւ կարող են միջազգային ճանաչման հասնել:
«ԱրմենՏել» ընկերության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով տնօրեն Մաքսիմ Խալմատովը ներկայացրել է բջջային բովանդակության զարգացման ոլորտում Beeline-ի հետ համագործակցության հնարավորությունները:
«Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը խոսել է Հայաստանում բջջային բովանդակության զարգացման հնարավոր ուղղությունների մասին:
Սեմինարի ընթացքում քննարկվել է նաեւ բջջային հավելվածների տեղայնացման թեման: Քննարկումների արդյունքում մասնակիցները մշակել են աշխատանքային պլան, որի նպատակն է խթանել տեղական բջջային բովանդակության հանդեպ աճող պահանջների բավարարումը:
Հավաքին մասնակցել են «ԱրմենՏել», Microsoft, mLab, Zoom Graphics, Helix Consulting, Fluger, Dinamica, Siply Technologies, OMG Studio ընկերությունների ներկայացուցիչները: