12:33 | 17.01.14 | Նորություններ | 3459
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` կտրականապես հերքելով տեղեկություններն այն մասին, թե իբր ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:
Հաշվի առնելով մեր աշխատակիցների, ինչպես նաեւ հասարակության անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ, ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:
Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում որեւէ փոփոխություն չկատարվեց, ընկերությունը որոշում կայացրեց փոխհատուցել աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները:
Փոխհատուցելու որոշումը ներքին է եւ անկախ, եւ այն հարկավոր է դիտարկել բացառապես ընկերության` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած արժեհամակարգին հավատարիմ մնալու, այն է՝ աշխատակցի կողքին կանգնելու տեսանկյունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դատապարտում է բոլոր այն հայտարարությունները, որոնցով փորձ է կատարվում վարկաբեկել ընկերության բարի համբավը՝ թյուրիմացության մեջ գցող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով», - ասված է հայտարարության մեջ: