14:34 | 30.10.13 | Նորություններ | 2424
Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 29-ին եւ 30-ին Երեւանում կկայանա ArmNet Awards 2013 համահայկական ինտերնետային մրցույթը եւ ArmNet 2013 ամենամյա կոնֆերանսը:
Միջոցառումների կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային ընկերությունը, Orange Արմենիա եւ ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ):
Maeutica-ի տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանն ասել է, որ միջոցառման գլխավոր նպատակն է հայկական ստարտապները մրցունակ դարձնել միջազգային շուկայում, ինչպես նաեւ օժանդակել մասնակիցներին իրենց գաղափարներն իրական բիզնեսի վերածելու գործում հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու համար:
ArmNet-2013 նախագծի շրջանակներում իրենց գիտելիքներով եւ փորձով մասնակիցների հետ կկիսվեն ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտապ Ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը եւ Ակադեմիայի պրոֆեսոր Գարի Ֆաուլերը:
Հյուրերի ցանկում են նաեւ Drimmi ընկերության հիմնադիր ու տնօրեն Նիկիտա Շերման, ով նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Begun, Mamba.ru եւ Օdnoklassniki ընկերություններում, Workle.ru տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն եւ այլոք:
Orange Արմենիա ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ ArmNet նախագիծը չորս տարվա ընթացքում դարձել է այն վայրը, որտեղ ավանդաբար ամփոփվում է ինտերնետային զարգացումների հայկական տարին:
«Orange-ը կարեւոր դերակատարություն ունի Հայաստանում բջջային կապի շուկայում եւ շարժական ինտերնետի առաջատարն է, եւ մենք ուրախ ենք այս կերպով աջակցել հայկական վեբ-բովանդակության զարգացմանը», - ասել է Արամ Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ, այս տարի Orange-ի կողմից ավանդաբար սահմանված է հատուկ մրցանակ՝ լավագույն մոբայլ կայքի համար:
ArmNet 2013-ը ներառում է ինտերնետին եւ բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս «Համընդհանուր մոբիլիզացում, բջջային տեխնոլոգիաներն ամենօրյա կյանքում» խորագրով:
Առաջին անգամ ArmNet նախագծի շրջանակներում կանցկացվի «Startup Day» միջոցառումը եւ մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված ստարտապ ընկերության ներկայացուցիչները կարժանանան հատուկ մրցանակի՝ այցելություն Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ դպրոց եւ ԱՄՆ-ի Սիլիկոնե հովիտ:
Մրցույթի, կոնֆերանսի եւ «Startup Day» միջոցառման ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցության գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armnetawards.am կայքը: Մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը: Ժյուրիի անդամները կուսումնասիրեն եւ կգնահատեն կայքերը եւ նոյեմբերի 25-ին կընտրեն յուրաքանչյուր 8 անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը կամ բջջային հավելվածները: Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխությանը: