14:22 | 24.10.13 | Նորություններ | 1080

ՀՀ պետկառույցների կայքերը լավ պաշտպանված են հաքերային հարձակումներից

Երեւան: Մեդիամաքս: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ասել է, որ Հայաստանի պետական կառույցների կայքերը լավ պաշտպանված են ադրբեջանցի հաքերների հարձակումներից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ վերջին շրջանում ադրբեջանցի հաքերներին չի հաջողվել կոտրել որեւէ պետական կայք: Փոխարենը, հայ հաքերները վերջին երկու տարիների ընթացքում կոտրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը եւ մի շարք նախարարությունների կայքեր:

Խոսելով Ադրբեջանում հաքերային շարժման մասին՝ փորձագետը հավելել է, որ այսօր այդ ոլորտի հիմնական դերակատարները միավորվել են «Անտիարմենիա» խմբում: Անցած շաբաթ այդ խումբը նշել է իր 2-ամյակը եւ կոտրել 40-ից ավել հայկական կայքեր:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան այսօր ավելի պասիվ է այս հարցում:

«Ժամանակին Թուրքիան Ադրբեջանին հավասար կիբերհարձակումներ էր կատարում Հայաստանի վրա: Պետք է ենթադրել, որ այսօր մենք նրանց հիմնական թիրախը չենք», - ասել է փորձագետը: