15:32 | 18.10.13 | Նորություններ | 2335
Կիբերտարածքը դառնում է մի վայր, որտեղ ռազմական գործողություններ են ծավալվում. չի բացառվում, որ մոտ ապագայում ռազմական հակամարտությունների ժամանակ կիբերզենքն որպես գլխավոր միջոց օգտագործվի:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում ասել է համաշխարհային տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկին՝ ներկայացնելով իր «Կոմպյուտերային դժոխքի 7 օղակները» զեկույցը:
Նրա խոսքով, այսօր հակամարտության դեպքում ավելի էժան կլինի որեւէ վիրուս ստեղծել, քան համազարկային կրակի համակարգ:
«Շուտով կիբերգրոհների մեծ մասը կբնորոշվի որպես ահաբեկչական գրոհ: Չգիտես թե որտեղից եւ ում կողմից է այն գալիս, սակայն ազդեցությունը միանգամայն ահաբեկչական է՝ հասցնել լուրջ վնաս երկրին եւ զոհին»,- ասել է նա:
Կասպերսկին հավելել է, որ հաքերները աստիճանաբար նմանվում են ահաբեկիչների: Նա չի բացառում, որ կիբերգրոհների պատվիրողների շարքում շուտով կլինեն կրոնական կազմակերպությունների եւ ավանդական մաֆիայի ներկայացուցչները:
«Կիբերաշխարհը շատ փխրուն է, իսկ իրական աշխարհը կապվածության մեջ է կիբերտարածությունից: Պաշտպանվել կիբերգրոհներից այսօր հնարավոր չէ: Մենք անում ենք հնարավորինը՝ կադրեր ենք պատրաստում, տեխնոլոգիաներ ենք մշակում՝ ապագայում այդ գրոհները հետ մղելու համար», - ասել է փորձագետը:
Պատասխանելով կիբերհանցագործների եւ տարբեր երկրների համագործակցության մասին հարցին՝ Կասպերսկին ասել է, որ իր ունեցած տեղեկատվությունն ասեկոսների մակարդակում է: Նա ասել է, որ հանցագործների ձերբակալման ժամանակ տվյալ երկրի կառավարությունն ընտրության առջեւ է կանգնեցնում նրանց՝ կամ բանտարկություն, կամ համագործակցություն:
«Իհարկե, չի բացառվում, որ որոշ երկրներում պետական հատուկ ծառայությունները ակտիվորեն համագործակցում են անկախ հաքերային կազմակերպությունների հետ», - ասել է Կասպերսկին: