09:43 | 08.10.13 | Նորություններ | 4064
Orange-ը Digitec Expo 2013 տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է մի շարք նորարարություններ:
Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրել է երկրորդ սերնդի MyFi սարքը՝ ներբեռնման մինչեւ 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ:
Digitec-ում Orange-ը ներկայացրել է նաեւ նոր սերնդի Flybox-ը, որն ինտերնետի եւ ֆիքսված հեռախոսակապի միասնական լուծում է ինչպես տան, այնպես էլ աշխատավայրի համար: Նոր Flybox-ը, որը շուտով կլինի վաճառքում, կունենա արդեն մինչեւ 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն եւ Wi-Fi-ի միջոցով ինտերնետին միաժամանակ 32 սարքավորում միացնելու հնարավորություն:
Orange-ի տաղավարի «Խելացի տուն» բաժնում ներկայացված էին լուծումներ, որոնք թույլ են տալիս վերահսկել բնակարանը, գրասենյակը կամ ամառանոցը հեռավորության վրա: Ներկայացված էր, մասնավորապես, GSM տեսախցիկը, որը թույլ է տալիս հեռակա կերպով իրական ժամանակում տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում տանը, ամառանոցում կամ խանութում եւ դիտել անցուդարձը հեռախոսի էկրանին կամ համակարգչով:
Մյուս սարքը MyPlug-ն էր, որի շնորհիվ կարելի է հեռավորության վրա կառավարել տան էլեկտրական հոսանքի աշխատանքը՝ SMS-ով միացնել կամ անջատել սարքեր ու համակարգեր, ինչպես նաեւ հետեւել էլեկտրաէներգիայի սպառմանը եւ հեռախոսի միջոցով ստանալ ավտոմատ ազդանշան, եթե օրինակ հոսանքի անջատում է եղել:
«Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր եւ Orange Խմբի ամբողջ նորարարական ուժը՝ էլ ավելի հարմարավետ դարձնելու մեր բաժանորդների կյանքը», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: