15:33 | 10.09.13 | Նորություններ | 3009

ԱրմենՏելը կօգնի մարզերի երեխաներին մասնագիտություն ձեռք բերել

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են «Իրագործի´ր» նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է լուծել կրթական եւ սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:

Նախաձեռնության շրջանակում Արմավիրի մարզի երկու համայնքում կգործարկվի չորս արհեստագործական խմբակ, որոնք հնարավորություն կտան Մյասնիկյան եւ Քարակերտ համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:

Ծրագրին կմասնակցի 35 երեխա, որոնք կներգրավեն խեցեգործություն, մետաղի գեղարվեստական մշակման, գորգագործության եւ կահույքագործության արհեստագործական խմբակներից որեւէ մեկում:

Խեցեգործության եւ մետաղի գեղարվեստական մշակման այդ թվում արծաթագործության դասընթացները կիրականացվեն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող Լեւոն Գալչյան կենտրոնում: Քարակերտում երեխաները գորգագործության դասընթացներ կանցնեն Գրիգոր Նարեկացի հոգեւոր կենտրոնում, իսկ կահույքագործության խմբակը կգործի Արթվիլշին կահույքագործական արտադրամասում:

«ԱրմենՏել-ի կորպորատիվ պատասխանատվության մեջ հիմնական ուղղություններից մեկն աճող սերնդին ուղղված սոցիալական ծրագրերին աջակցությունն է: Մենք նաեւ մեծ տեղ ենք հատկացնում մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերին եւ կարծում ենք, որ մեր հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Կարեւոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ երեխաների զարգացման համար, ովքեր այօր արդեն կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ եւ վաղվա օրվա կերտողներ», - ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի կարեւորագույն նպատակներից մեկը գյուղերում ապրող երեխաներին իրենց տաղանդները դրսեւորելու հնարավորություններ ընձեռելն է։ Ոչ բոլոր երեխաներն են իրենց ուժեղ համարում ակադեմիական ոլորտում։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի բազմաթիվ երեխաների ինքնադրսեւորվելու եւ մասնագիտություն ձեռք բերելու հարցերում։ Շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը երեխաների ապագայի կերտման գործում ներդրում կատարելու համար»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Ծրագրի ավարտին Երեւանում կկազմակերպվի խմբակներում ներառված երեխաների աշխատանքների ցուցահանդես:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Հաջողությամբ ավարտվել են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կտորե պայուսակների պատրաստման եւ տարածման ծրագիրը, ինչպես նաեւ ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձացմանն ուղղված ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ մարզերում: