13:51 | 22.08.13 | Նորություններ | 965

Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է Facebook-ում քննադատելու համար

Ադրբեջանում առաջին անգամ  քրեական դատավճիռ է կայացվել օնլայն զրպարտության համար, ասվում է Amnesty International-ի հայտարարությունում:

2013թ. օգոստոսի 14-ին Ասթարայի տարածաշրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Թալիբովին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 147.1 կետի համաձայն՝ դատապարտելով նրան մեկ տարվա «ուղղիչ աշխատանքների», որի ընթացքում իր ամսական եկամտի 20%-ը մեկ տարվա ընթացքում ուղղվելու է Ադրբեջանի պետբյուջե:

Դատավճիռը կայացվել է Միխայիլ Թալիբովի՝ իր ֆեյսբուքյան էջում ս.թ. մարտի 26-ին կատարած գրառման համար, որում նա իր նախկին գործատու բանկին անվանել էր «Unjustbank» կամ «Անարդարբանկ»:

Դատավճիռը պարտադրել է Միխայիլ Թալիբովին ջնջել վերոհիշյալ գրառումը եւ արգելել նրան լքել երկրի սահմանները 1 տարվա ընթացքում:

Սա օնլայն զրպարտության համար առաջին դատավճիռն է Ադրբեջանում, որը հետեւել է զրպարտությանը վերաբերող օրենսդրության վերջերս ուժի մեջ մտած փոփոխություններին:

2013թ. մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել օրենսդրությունում՝ քրեականացնելով նաեւ օնլայն եղանակով կատարվող վիրավորանքները: