11:23 | 16.08.13 | Նորություններ | 890
Facebook-ի օգտագործումը նվազեցնում է երիտասարդների` բարեկեցության եւ կյանքից բավարարվածության զգացողությունը, ասվում է Միչիգանի համալսարանի հետազոտության մեջ:
Ըստ հետազոտության, որքան շատ ժամանակ են մարդիկ անցկացնում սոցցանցում, այդքան շատ են սրվում վերոհիշյալ խնդիրները:
Facebook-ն ունի ավելի քան 1 մլրդ օգտատեր, որոնց շուրջ կեսը մտնում է սոցցանց ամեն օր:
2 շաբաթ տեւած հետազոտության մասնակիցները պարբերաբար պատասխանում էին հարցերին, թե ինչպես են իրենք իրենց զգում, որքանով են մտահոգված, արդյոք իրենց միայնակ են զգում տվյալ պահին եւ այլն: Ընթացքում չափվում էր նաեւ, թե որքան են մասնակիցներն օգտվում Facebook-ից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ից օգտվելու տեւողությունը եւ մարդկանց վատ ինքնազգացողությունն ուղիղ համեմատական են: Հետազոտության հեղինակները պարզել են նաեւ, որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում Facebook-ում, երբ իրենց միայնակ են զգում:
«Արդյո՞ք միայնակ որեւէ բանով զբաղվելը ենթադրում է ինքնազգացողության վատացում: Կարծում ենք՝ ոչ, քանի որ մարդիկ հաճախ հաճույք են ստանում՝ միայնակ անելով այնպիսի բաներ, ինչպիսիք են ընթերցանությունը եւ սպորտը», - ասում են հետազոտության հեղինակները:
Ստացվում է, որ սոցիալական մեկուսացման ընկալումը մարդկանց կողմից ավելի շատ է բացասաբար ազդում իրենց ինքնազգացողության վրա, քան փաստացի սոցիալական մեկուսացումը: Ավելի պարզ ասած՝ մարդիկ ընկճվում են, տեսնելով սոցցանցում իրենց ընկերների եւ բարեկամների նկարները ծովափերին կամ այլուր, մինչդեռ իրենց նստած են համակարգչի առջեւ:
Հետազոտության մասնակիցների մեծամասնությունն ասել է, որ օգտվում է սոցցանցից ընկերների հետ կապի մեջ լինելու համար, եւ մասնակիցների միայն 23%-ն է ասել, որ օգտվում է Facebook-ից նոր ծանոթություններ ձեռք բերելու համար:
Մասնակիցների 75%-ն ասում է, որ կիսվում է ընկերների հետ սոցցանցում դրական բնույթի բովանդակությամբ, մինչդեռ 36%-ը կիսվում է նաեւ վատ լուրերով: