17:54 | 14.08.13 | Նորություններ | 3242

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ ՀՀ ԱԻՆ-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես հիմք երկու կառույցների փոխգործակցության համար:

Համագործակցության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը` սերվերային տնտեսություն ստեղծելու համար, հայտնել են ընկերությունում:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան` տվյալների պահպանման սերվերային կենտրոն: Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման եւ այլ համակարգերով: Այստեղ կլինի նաեւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաեւ ՀՀ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։

Ծրագիրն իրականացվելու է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի հետ համատեղ։

ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Գառնու դիտարան, Լուսակերտի ուսումնական կենտրոն եւ Բալահովիտ, որտեղ կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական կենտրոն: