13:11 | 17.07.13 | Հոդվածներ | exclusive 5270

Microsoft Imagine Cup 2013. Մի քանի օր ապագայում

Անցյալ շաբաթ՝ հուլիսի 8-ից 12-ը, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հավաքվել էին թվով ավելի քան 300 նորարար երիտասարդներ աշխարհի  71 երկրից՝ մրցելու Microsoft կորպորացիայի կողմից արդեն 11-րդ անգամ անցկացվող Երեւակայության գավաթ (Imagine Cup) մրցույթի միջազգային եզրափակչում:

Աշխարհում չկա իր ծավալով Imagine Cup-ի մակարդակի ուսանողական տեխնոլոգիական մրցույթ. գավաթի ընտրական փուլին մասնակցել է շուրջ 27 հազ. ուսանող ավելի քան 70 երկրից:

Հարավկովկասյան տարածաշրջանից եզրափակչին մասնակցում էր միայն Հայաստանը՝ ի դեմս Lionsharp Solutions թիմի, որը ներկայացնում էր իր նորարարական եւ միջազգային շուկայում արդեն իսկ պահանջարկ վայելող Voiceboard մտքերի վիզուալիզացման գործիքը:


Հայկական թիմը ներկայացնում է Voiceboard-ը մրցույթի ժյուրիին:
Լուսանկարը՝ Itel.am:

Ու թեեւ մեր թիմը չնվաճեց մրցույթում հաղթական տեղեր, միանշանակ, կարելի է պնդել, որ Voiceboard-ն այս տարվա Imagine Cup-ի ամենավառ այցեքարտերից էր. հետաքրքրությունը, որը մեր երիտասարդների կողմից ստեղծված պրոդուկտն առաջացրեց մրցույթի այցելուների եւ այլ մասնակիցների մոտ, լավագույն կերպով արտահայտվում էր նրանով, որ հայկական տաղավարը ցուցահանդեսում ամենամարդաշատերից էր:


Imagine Cup-ի մասնակիցները Պետերհոֆում:
Լուսանկարը՝ Itel.am:

Ինքին մրցույթն իրական տեխնոլոգիական տոն էր: Ամբողջ աշխարհից մի վայրում էին հավաքվել տեխնոլոգիական ոլորտի ներկան՝ աշխարհահռչակ կորպորացիաների ներկայացուցիչներ ու  ներդրողներ, եւ ապագան՝ ուսանողներ, որոնք արդեն հասցրել են ստեղծել աշխարհին մինչ այժմ անհայտ նորարարություններ: Առանձին գնահատականի է արժանի Microsoft-ի կողմից մրցույթի կազմակերպման բարձր մակարդակը, որն այդ մի քանի օրն իրական տոնի էր վերածել թե մասնակիցների, եւ թե հյուրերի համար:

Կորպորացիան արել էր հնարավորը, որպեսզի մասնակիցները ոչ միայն ցուցադրեն իրենց տեխնոլոգիական հմտությունները, այլեւ զվարճանան եւ ծանոթանան հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի պատմությանը եւ մշակույթին:


Imagine Cup-ում հայկական տաղավարն ամենամարդաշատերից էր:
Լուսանկարը՝ Itel.am:

Այս նպատակով մրցույթի երկրորդ օրվա կեսը հայտարարվել էր «Մշակութային օր», որի ընթացքում մասնակիցներն այցելել են Սանկտ Պետերբուրգի հարեւանությամբ գտնվող Շուվալովկա էթնոգրաֆիկ զվարճային համալիր, որը լավագույն ուղին է ցույց տալու ազգային ավանդույթները երկրի հետ նոր ծանոթացողներին: Դրան հաջորդեց այցելությունը ռուսական ցարերի Պետերհոֆ ամառային պալատ:

Ողջ միջոցառման ամենահուզիչ մասը՝ մրցանակաբաշխությունը, տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում գտնվող շքեղ Ալեքսանդրինսկի թատրոնում, իսկ մրցանակաբաշխության երեկոն վարում էր անգլիացի դերասան Մեթ Սմիթը՝ հանրահայտ Doctor Who-ն:


Մրցույթի հաղթող թիմերը:
Լուսանկարը՝ Itel.am:

Մրցույթի հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական անվանակարգերում՝ Ինովացիա, Խաղեր եւ Համաշխարհային քաղաքացիություն։ «Նորարարություն» անվանակարգում առաջին տեղն է գրավել բրիտանական Colinked թիմը՝ իր SoundSYNK հավելվածով, որը սինքրոնիզացնում է հնչող երաժշտությունը բջջային հեռախոսների վրա՝ թույլ տալով ժամանակակից երիտասարդներին դիսկո կազմակերպել, անգամ երբ ձեռքի տակ չկա լիարժեք աուդիոհամակարգ:

«Խաղեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ավստրիական Zeppelin թիմը՝ իր Schein խաղով, որը նմանություն ունի Super Mario-ի հետ, իսկ «Համաշխարհային քաղաքացիություն» անվանակարգում հավասարը չուներ պորտուգալական  For a better world թիմն իր համանուն նախագծով, որը հաշված րոպեների ընթացքում թույլ  է տալիս որոշել մարդկանց արյան խումբը, ինչը խիստ օգտակար է հատկապես արտակարգ իրավիճակներում: Առաջին տեղը գրաված թիմերը ստացել են Microsoft-ից $50 000-ական` իրենց նախագծերը ավարտին հասցնելու եւ բիզնեսի վերածելու համար:
 

Lionsharp Solutions թիմը Microsoft-ի փոխնախագահ Սթիվ Գուգգնհայմերի եւ կորպորացիայի մյուս թոփ-մենեջերների հետ:
Լուսանկարը՝ Itel.am:

Microsoft-ի լսարանի եւ ծրագրավորման պլատֆորմների մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Քուրթ Սթեքը, որն առաջնության գլխավոր պատասխանատուներից է, Itel.am-ի հետ հարցազրույցում պատմեց, որ Երեւակայության գավաթին տարեցտարի ներկայացվում են ավելի ու ավելի նորարար գաղափարներ եւ արդեն պատրաստի նախագծեր, ինչի արդյունքում այս տարի մրցույթի 2 գլխավոր անվանակարգերին՝ «Խաղերին» եւ «Համաշխարհային քաղաքացիությանը», գումարվել է «Նորարարություն» անվանակարգը, որում էլ հենց մրցում էր հայկական թիմը:

«Այս տարվա մրցույթը հաճելիորեն զարմացրեց նաեւ նրանով, որ ներկայացված 36 նախագիծ ստեղծված է մեկից ավելի պլատֆորմների օգտագործմամբ, ընդգրկված են ինչպես «կլիենտական», այնպես էլ «ամպային» հավելվածներ»,- ասում է Քուրթ Սթեքը:  


Microsoft-ի լսարանի եւ ծրագրավորման պլատֆորմների մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Քուրթ Սթեքը:
Լուսանկարը՝ Itel.am:

Նրա խոսքերով, մրցույթի կազմակերպիչների գլխավոր նպատակն է թույլ տալ ուսանողներին կյանքի կոչել իրենց գաղափարները՝ վերածելով դրանք պատրաստի տեխնոլոգիայի կամ կենսունակ բիզնեսի:

«Կան մի շարք դեպքեր, երբ երեւակայության գավաթի եզրափակչում ներկայացված նախագիծը կամ դրա տեխնոլոգիան գնվել է այլ ընկերությունների կողմից կամ ինքն է դարձել հաջողակ սթարթափ»,- պատմում է Քուրթ Սթեքը:

Ռուբեն Հարությունյան