09:49 | 06.06.13 | Հոդվածներ | exclusive 6345

Voiceboard. պատրաստված է Հայաստանում` մտքերի փոխանցման նոր ճանապարհ

Աշխարհում լայն տարածում ստացող ինտերակտիվ գրատախտակները աչքի են ընկնում ցանկացած տիպի տեղեկատվության արտաբերման, ինչպես նաեւ դրանց վրա հպումով՝ «թաչով» գրելու կամ նկարելու հնարավորությամբ: Ըստ էության, ստացվում է, որ ինտերակտիվ գրատախտակը իր հետ աշխատելու սկզբունքով նման է ժամանակակից սմարթֆոնին կամ պլանշետին:

Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ տիպի գրատախտակ, որի վրա կարելի է արտաբերել ցանկացած բան՝ ուղղակի արտասանելով այն, ինչպես նաեւ տեղափոխել այդ գրառումն ու բազմաթիվ այլ գործառույթներ իրականացնել ժեստերի միջոցով: Ծրագիրը Kinect տեխնոլոգիայի հիմքի վրա մշակված լուծում է, որը թույլ է տալիս քննարկումներ վարել՝ գրանցելով մտքերը եւ կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի եւ ձայնային հրահանգների օգնությամբ: Սա Microsoft-ի, Samsung-ի կամ Google-ի հերթական տեխնիկական նորույթը չէ, սա «պատրաստված է Հայաստանում»:


Lionsharp-ի համահիմնադիր եւ տեխնիկական լուծումների ինժեներ Գեւորգ Հովսեփյանը ցուցադրում է Voiceboard-ի հնարավորությունները

Անգլո-իտալո-հայկական... ու արդեն նաեւ բուլղարական սթարթափը


Վերը նկարագրված նորույթի անունը Voiceboard է, իսկ դրա հեղինակը՝ Lionsharp Solutions սթարթափն է՝ հիմնված մի խումբ հայ եւ այլազգի երիտասարդների կողմից:   

Երիտասարդ թիմի ղեկավարն է 28-ամյա անգլիացի Նայջել Շարփը, որը ծնվել եւ մեծացել է Լոնդոնում, իսկ վերջին տարիներին բնակվում է Հայաստանում իր հայազգի կնոջ՝ Եվայի հետ: Երկու տարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատելուց հետո նա մեկ իտալացի եւ երկու հայ երիտասարդների հետ հիմնադրել է Lionsharp Solutions տեխնոլոգիական ընկերությունը, որի առաջին պրոդուկտն է Voiceboard-ը:

Նայջել Շարփը, հանդիսանալով նաեւ 2012թ. դեկտեմբերին Երեւանում կայացած Հեքըթոն(ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթում՝ «MS տեխնոլոգիայի վրա հիմնված ամենանորարար լուծումը» անվանակարգում հաղթած թիմի ներկայացուցիչ, հնարավորություն ստացավ ձեւավորել իր թիմը եւ ներկայացնել իր նոր Voiceboard նախագիծը բուլղարական Eleven աքսելերատոր վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ Մաքսիմ Գուրվիցին, որը Հայաստան էր եկել ՀՀ-ում Microsoft-ի ներկայացուցչության եւ Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի հրավերով:

Հիմա թիմը բաղկացած է 6 հոգուց՝ Նայջելից, ինժեներներ Գեւորգ Հովսեփյանից եւ իտալական Ֆլորենցիայից թիմին միացած Ալեսանդրո Մամբելիից, ծրագրավորող Սուրեն Շահինյանից, դիզայներ Լիլիթ Ռեվազյանից եւ հաշվապահ Եվա Շարփից:

Երիտասարդ եւ հավակնոտ թիմն ընտրվեց Eleven-ի կողմից եւ մեկնեց Բուլղարիա՝ մասնակցելու վենչուրային ֆինանսավորում ներգրավելու մրցույթին: Ողջ աշխարհից հավաքված 300 թիմերից լավագույնը ճանաչվելով՝ նրանք ստացան €25 000-ի վենչուրային ֆինանսավորում եւ շարունակեցին աշխատել Voiceboard-ի վրա Բուլղարիայում: Հիմա արդեն Lionsharp-ի բյուջեն անհամեմատ ավելի մեծ է՝ նոր ներդրումների շնորհիվ: Ավելին, իրենց նախագիծը լավագույնն է ճանաչվել  Բալկանյան վենչուրային ֆորումում, ինչը թույլ կտա Voiceboard-ին այս տարեվերջին մրցել վենչուրային նախագծերի համաեվրոպական եզրափակչում:

Երեւակայությունից մինչեւ գավաթ


Voiceboard-ը թույլ է տալիս վարել քննարկումներ, ներկայացումներ, «մտքային գրոհները»՝ գրանցելով մտքերը եւ ժեստերով եւ ձայնային հրահանգներով

Lionsharp Solutions-ի այս դինամիկ վերելքի հերթական նվաճած գագաթն է հաղթանակը այս տարի ապրիլին կայացած «Երեւակայության գավաթ» Microsoft-ի կողմից անցկացվող մրցույթի հայաստանյան եզրափակչում

Հաղթանակը թույլ է տվել Lionsharp Solutions-ին ներկայացնել Հայաստանը ս.թ. հուլիսին կայանալիք Imagine Cup-ի համաշխարհային եզրափակչին Սանկտ Պետերբուրգում:

«Մենք անպայման հաղթելու ենք Imagine Cup-ը, անգամ չենք կասկածում», - ասում է այս օրերին Երեւանում գտնվող Lionsharp-ի համահիմնադիր եւ տեխնիկական լուծումների ինժեներ Գեւորգ Հովսեփյանը, եւ իր վստահությունը տրամաբանական է, քանի որ նախագիծն իրոք աննախադեպ է, եւ, ինչպես արդեն պարզվել է, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եվրոպայի համար:

Ներկայացնելով Voiceboard-ի հնարավորությունները Microsoft ինովացիոն կենտրոնում, Գեւորգ Հովսեփյանը ասում է, որ այն միտքը վիզուալիզացնելու լավագույն տարբերակն է:

«Դուք ունեք միտք եւ ցանկանում եք փոխանցել այն: Սկզբից անում եք դա խոսքով, սակայն ինչ-որ պահից սկսած պետք է նաեւ վիզուալիզացնեք այն: Տեխնոլոգիաները կարող են օգնել ձեզ փոխանցել միտքը շատ ավելի արդյունավետ կերպով. Voicebord-ն իրենից ներկայացնում է մի միջավայր, որտեղ ձեր բանավոր խոսքը գրառման տեսքով հայտնվում է էկրանին, ինչից հետո դուք կարող եք, օրինակ, համալրել ձեր խոսքը նկարներով, տեսանյութերով եւ այլ բովանդակությամբ, ինչը կօգնի ձեզ առավել հստակ նկարագրել, թե ինչ եք ուզում փոխանցել», - պատմում է Գեւորգ Հովսեփյանը:

Voiceboard-ը մի միջավայր է, որտեղ առաջին անգամ միավորվել են Microsoft-ի Kinect տեխնոլոգիան, Microsoft-ի եւ Google-ի ձայնային ճանաչման համակարգերը, որոնց շուտով կմիանա նաեւ Dragon Speech համակարգը: Lionsharp-ի հետազոտությունը ցույց է տվել, որ այս նման միջավայրը բավականին պահանջված էր աշխարհում:

Գնե՛ք Voiceboard, զարմացրե՛ք գովազդատուներին


Lionsharp-ի անդամներ Գեւորգ Հովսեփյանը եւ ծրագրավորող Սուրեն Շահինյանը

Թիմի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայիս դրությամբ Voiceboard-ի թիրախային շուկան են գովազդային գործակալությունները, որոնք դրա միջոցով կկարողանան ներկայացնել իրենց ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին:

Պրոդուկտն օգտակար կլինի նաեւ այլ տիպի բիզնես-գործունեության եւ կրթության ոլորտի համար:

«Սա լավ հնարավորություն է ոչ միայն ներկայացումներ անցկացնելու, այլ նաեւ «մտքային գրոհներ» (brainstorming) անցկացնելու համար: Պատկերացրեք, դուք քննարկում եք որեւէ բան գործընկերների հետ, անգամ հեռացված ռեժիմում, միեւնույն է, այլեւս որեւէ գրառումներ անելու կարիք չունեք. ամեն ինչ ձայնագրվում է, իսկ եթե ուզում եք հատուկ շեշտադրել որեւէ կետեր, պարզապես տարեք ձեռքը գրատախտակի մոտ», - պատմում է Գեւորգ Հովսեփյանը:

Նա ասում է, որ Բուլղարիայում մի շարք գովազդային գործակալություններ արդեն իսկ
պատրաստակամություն են հայտնել վճարել ծրագրի համար:

Նորարարությունը կարեւոր է նաեւ կրթական միջավայրի համար. այնտեղ այսօր տարածում են ստանում ինտերակտիվ գրատախտակները, որոնք, Գեւորգ Հովսեփյանի համոզմամբ, կարող են փոխարինվել Voiceboard-ով:

Lionsharp-ի հովանավորներից մեկն արդեն պատրաստակամություն է հայտնել տեղադրել Voiceboard-ը Բուլղարիայի համալսարաններից մեկում:

Իսկ մինչ այդ երիտասարդները աշխատում են իրենց նախագիծը վերջնական տեսքի բերելու վրա:

Եվ վերջում՝ հավատի մասին


Voiceboard-ը մի միջավայր է, որտեղ առաջին անգամ միավորվել են Microsoft-ի Kinect տեխնոլոգիան եւ ձայնային ճանաչման համակարգերը

«Մենք հավատում ենք եւ պատկերացնում, որ կարող են ստեղծել մի ընկերություն, որը թույլ կտա ստեղծել նոր տեխնոլոգիաների եւ պրոդուկտներ: Դրանցից առաջինը Voiceboard-ն է, որը ժեստերի եւ ձայնային կառավարման միջոցով գաղափարների թվայնացման նոր ճանապարհ է: Մենք նաեւ հավատում ենք, որ Հայաստանի եւ իր ժողովրդի ապագա հաջողությունները պայմանավորվելու են հենց նորարարություններով ու մեր մտավոր կապիտալի միավորմամբ», - ասում է Lionsharp-ի հիմնադիր Նայջել Շարփը:

Հաջողություն մաղթենք Lionsharp-ին Սանկտ Պետերբուրգում:

Ռուբեն Հարությունյան