16:45 | 12.07.13 | Նորություններ | 3147
Շարունակվում է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը: Ավարտելով աշխատանքը Կոտայքի ու Տավուշի մարզերում՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին բժշկական խմբերը կլինեն Լոռու մարզում, որտեղ կիրականացնեն անվճար ակնային զննումներ ու լազերային բուժումներ, իսկ սոցիալապես անապահով խմբերում ընգրկված մարդիկ հնարավորություն կունենան նաեւ անվճար վիրահատվել եւ ստանալ ակնոցներ: Լոռու մարզում նախատեսվում է հետազոտել ավելի քան 4,000 բնակչի, անցկացնել շուրջ 300 վիրահատություն եւ տրամադրել 1,700 ակնոց:
Հուլիսի 8-ից 13-ը Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները կլինեն Թումանյանի, հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի եւ հուլիսի 24-ից 27-ը՝ Տաշիրի տարածաշրջաններում: Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում եւ Սպիտակում:
Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68 կամ ներբեռնելով ամբողջական ժամանակացույցն այստեղից. http://goo.gl/egDMM:
«Այս տարվա վերջում մենք կարձանագրենք, որ շուրջ տասը տարիների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հաջողվել է Հայաստանի մարզերում իրականացնել հինգ լիարժեք շրջայց: Orange Հիմնադրամը միացավ մեզ 2011 թ.: Նկատում ենք, որ «Լույս հայի աչքերին» նշանաբառն արդեն ասոցացվում է նաեւ Orange Հիմնադրամի հետ, քանի որ այս տարիների ընթացքում, աջակցելով Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին, Հիմնադրամըմասնակից է լինում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործին: Այժմ աշխատում ենք Լոռիում, առջեւում Շիրակն է եւ Արագածոտնը ՚, - ասել է ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8 մարզում ենք եղել, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կարողացել են անվճար ակնաբուժական օգնություն ստանալ: Երջանիկ ենք այս համագործակցության համար, քանի որ մեր ընկերության համար կարեւոր է ոչ միայն իր բիզնես գործունեությունը, այլ նաեւ այն, թե ինչքանով կարող ենք օգտակար լինել երկրին ու հասարակության խոցելի անդամներին: Orange Հիմնադրամն իր առջեւ նպատակ է դրել իրական փոփոխություններ բերել այս մարդկանց կյանքում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Տավուշի մարզի երկու բնակիչների մասին պատմող տեսանյութը կարելի է դիտել այստեղ: