09:53 | 04.07.13 | Նորություններ | 1414

Մեկնարկում է «Armenia StartUp Cup» բիզնես-մոդելների մրցույթը

Մեկնարկում է հերթական «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) բիզնես-մոդելների մրցույթը:

«Ստարտափների առաջնություն»-ը (StartUp Cup) նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է տեղական նախաձեռնողական ներուժի վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար, հայտնել են մրցույթի համակազմակերպիչ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի երեւանյան գրասենյակից:

Մրցույթի նպատակն է մասնակից ձեռներեցներին, ովքեր զարգացման վաղ փուլում են գտնվում, տրամադրել համայնքահեն երկարաժամկետ աջակցություն: Մրցույթի ընթացքում ձեռներեցները ստանում են ուսուցում, խորհրդատվություն և ուղղորդում իրենց փորձառու գործընկերների և բիզնես առաջնորդների կողմից:

Մրցույթին հայտ ներկայացրած ձեռներեցները հնարավորություն կստանան մասնակցելու ս.թ. հուլիսի 13-14-ը կայանալիք Build-A-Business Weekend միջոցառմանը, որը կվարեն ԱՄՆ-ից ժամանած StartUp Cup մրցույթի հիմնադիրները: Մրցույթի մասնակիցները կմշակեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձևավորեն հաճախորդների շրջանակ և կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի և փորձառու մասնագետների հետ հնգամսյա աշխատանքի ընթացքում: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:

Մրցութային նախագծերը կարելի է ներկայացնել armenia.startupcup.com կայքի միջոցով մինչև հուլիսի 10-ը, ժ. 23:59-ը: Նախագծերը պետք է լինեն անգլերեն:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչներն են «Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Այբ ավագ դպրոցը:

Մանրամասները ներկայացված են startupcup.com կայքում եւ մրցույթի ֆեյսբուքյան էջում՝ Facebook.com/ArmeniaStartUpCup: