11:28 | 03.07.13 | Նորություններ | 772

Ստեղծվել են հեռադիտակային էֆեկտով կոնտակտային լինզաներ

Ամերիկացի եւ շվեյցարացի գիտնականների թիմը ստեղծել է կոնտակտային լինզաներ, որոնց կրողները, հագնելով նաեւ հատուկ ակնոց, կտեսնեն 2.8 անգամ ավելի հեռու, քան ունակ է մարդու աչքը:

Հատուկ ֆիլտրերը թույլ կտան կրողներին անցնել տեսողության նորմալ ռեժիմից հեռադիտակայինի: Լինզաներն ի սկբանե նախագծվել են թույլ տեսողությամբ մարդկանց համար, սակայն ստեղծվելուց հետո պարզ է դարձել, որ դրանք կարող են օգտագործվել նաեւ զինված ուժերի կողմից, հաղորդում է BBC-ն:

Լինզաների կենտրոնական հատվածը թույլ է տալիս լույսին ազատ ներթափանցել, մինչդեռ տելեսկոպիկ էլեմենտները գտնվում են կենտրոնական հատվածի շուրջ: Հատուկ սխեմայով տեղադրված ալյումինե փոքրիկ հայելիները կատարում են խոշորացույցի ֆունկցիա՝ 4 անգամ ուժեղացնելով լույսը եւ ուղղելով այն retina հատուկ ապակիով ակնոցի վրա:

Նորմալ եւ հեռադիտակային տեսողությունների միջեւ անցումները կատարվում են ակնոցում ֆիլտրերի փոփոխման միջոցով:

«Այս լինզաները պատրաստելիս ամենադժվարը դրանք «շնչող» սարքելն էր: 30 րոպեից երկար դրանք կրելու համար անհրաժեշտ է, որ դրանց միջով կարողանա թթվածին ներթափանցել: Մեզ հաջողվել է դա անել»,- BBC-ին ասել է հետազոտական թիմի համաղեկավար շվեյցարացի Էրիք Թրեմբլեյը: