17:04 | 24.06.13 | Նորություններ | 4040
Orange Հիմնադրամի աջակցությամբ եւ Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի (ԳԵՄՀ) ջանքերով այսուհետ Հայաստանի կույրերի միավորման տարածքում կգործի վերազինված ստուդիա, որտեղ հնարավոր կլինի ձայնագրել հայերեն աուդիոգրքեր կույր եւ թույլ տեսողություն ունեցող անձանց համար:
Ինչպես հայտնել են ընկերությունում, ձայնագրման այս ստուդիան, որը հիմնվել է տասնյակ տարիներ առաջ, մինչ օրս օգտագործում էր հին ձայներիզներ: Ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի աուդիոգրքերը ձայնագրել CD եւ MP3 ֆորմատներով, իսկ արդեն եղած ձայներիզներում եղած բովանդակությունը՝ թվայնացնել:
«Հաշմանդամությունը եւ մասնավորապես տեսողական խնդիրներ ունեցող անձինք Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Մեծ ուրախությամբ ենք մասնակցում այս նախաձեռնությանը, որը թույլ է տալու տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորինս հասանելի դարձնել հայ եւ արտասահմանյան գրականությունը: Իհարկե, արդեն իսկ բավականին քանակությամբ գրականություն կա բրայլյան այբուբենով, սակայն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս նաեւ ունենալ խոսող գրքեր՝ էլ ավելի մեծ հարմարավետության համար»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
ԳԵՄՀ գործադիր տնօրեն Սուսաննա Հայրապետյանն ավելացրել է, որ նախագիծն ունի պատմական արժեք, քանի որ թույլ կտա տասնյակ տարիների ընթացքում հավաքագրված հայ գրականության մեծագույն արժեքները փոխանցել սերնդեսերունդ աուդիո տարբերակով:
Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12,000 կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կույրերի միավորման հետ: Հենց միավորումն իր ներկայացուցիչների միջոցով պիտի Հայաստանի տարբեր վայրերում բնակվող կույրերին հասցնի աուդիոգրքերը, որոնք կարեւոր են բոլորի եւ առավել եւս՝ տեսողությունը մեծ տարիքում կորցրած անձանց համար, ովքեր շատ դեպքերում բրայլյան այբուբենով գրականությունից չեն կարող օգտվել:
Նախագծի մեկ այլ բաղկացուցիչն է www.audiolibrary.am համացանցային աուդիոգրադարանի համալրումը նոր գրականությամբ, որտեղ մեծամասամբ ընդգրկվելու են հայ եւ արտասահմանյան դասական գրականության նմուշներ:
Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 8,7 մլն դրամ:
Արդեն երկու տարի ի վեր Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացնում է մի բարեգործական նախագիծ՝ ուղղված Հայաստանի մարզերի բնակիչներին, որի նպատակն է անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցողներին՝ ներառյալ անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Մինչ օրս բարձրակարգ ակնաբուժական խումբը եղել է Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերում՝ աջակցություն ցուցաբերելով առավել քան 37,000 մեծահասակների ու երեխաների: