Հունիսի 21-22-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` «Խելացի լուծումներ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո:
Ինչպես հայտնել են ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում, ֆորումի ընթացքում կներկայացվեն ծառայությունների մատուցման եւ արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման եւ սպասարկման, շուկայի ուսումնասիրության եւ վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր եւ այլ լուծումներ:
Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ եւ կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման եւ Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է լինելու բոլոր հետաքրքրվողների համար: