11:27 | 07.05.13 | Նորություններ | 890

3D տպիչով գործող ատրճանակ է արտադրվել

Ատրճանակն արտադրվել է Defense Distributed Group-ի կողմից, որի հիմնադիրն է 25-ամյա տեխասցի ուսանող Քոդի Ուիլսոնը, հաղորդում է BBC-ն:

Հեղինակները մտադիր են հասանելի դարձնել ատրճանակի նախագիծը ինտերնետից բեռնման համար, ինչի արդյունքում 3D տպիչներ ունեցողները կկարողանան տանը իսկական հրազեն արտադրել:

3D փրինթինգը համարվում է մշակող արդյունաբերության ապագան: 3D տպիչները պատրաստում են բարդ մարմինները շերտ առ շերտ եւ հիմնականում պլաստիկից:

Ակնկալվում է, որ երբ այդ տպիչները էժանանան եւ կդառնան մասսայաբար հասանելի, մարդիկ կսկսեն պատրաստել տարբեր իրեր տանը՝ բեռնելով դրանց նախագծերն ինտերնետից:

Defense Distributed-ի ատրճանակը պատրաստվել է Ebay-ով $8000-ով գնված 3D տպիչով: Այն հավաքվել է տարբեր «տպված» բաղադրիչներից, որոնք, բացառությամբ մետաղյա փողի, հատուկ ամուր պլաստիկից են:

Դա առաջացրել է հրազենի ազատ տարածման դեմ հանդես եկողների եւ եվրոպական իրավապահ մարմինների մտահոգությունը: «Ներկայումս հանցագործները օգտագործում են հրազենի ձեռքբերման «ավանդական» ուղիներ, բայց տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս ստանալ այն ավելի էժան եւ հեշտ եղանակով»,- ասել է ԵՎՐՈՊՈԼ-ի խոսնակ Վիկտորիա Բեյնսը: 

Defense Distributed-ի ղեկավար Քոդի Ուիլսոնը, իր հերթին, ասում է, որ աշխարհում աճում է ինքնապաշտպանական հրազենի պահանջարկը, որը պետք է բավարարվի: «Տեխնոլոգիաները այսօրվա աշխարհում թույլ են տալիս մարդկանց ունենալ այն ամենը, ինչ իրենք ցանկանում են, եւ դա արդեն կախված չէ քաղաքական գործիչներից», - ասել է Քոդի Ուիլսոնը:

Ատրճանակը պատրաստելու համար Ուիլսոնը արտադրության եւ վաճառքի լիցենզիա է ձեռքբերել ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի,  հրազենի եւ պայթուցիկի բյուրոյից (ATC): Բյուրոյի խոսնակ Դոնա Սելերսը պարզաբանել է, որ 3D տպիչով արտադրված ատրճանակը, չլինելով հրազենի շրջանառությունը կարգավորող օրենսդրության մեջ ընդգրկված զենք (օրինակ՝ ավտոմատիկ զենք), օրինական է ԱՄՆ տարածքում: «Մարդիկ կարող են արտադրել նման զենք սեփական օգտագործման համար, իսկ եթե ուզում են զբաղվել դրա վաճառքով, պետք է լիցենզիա ձեռքբերեն», - ասել է Դոնա Սելերսը:

Այս զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ-ում հրազենի ազատ շրջանառության շուրջ չդադարող դեբատների լույսի ներքո: Նախագահ Բարաք Օբաման եւս դեմ է հրազենի ազատ վաճառքին, սակայն նրան հակադրվում են հանրապետականները: Վերջիններս, որպես փաստարկ, բերում են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հետեւյալ խոսքերը. «Ժողովրդավարությունը պետք է լինի պաշտպանված, այսինքն` զինված»: