Կապան քաղաքի բնակիչները այսուհետ կկարողանան օգտվել Ռոստելեկոմ գերարագ ինտերնետի եւ հեռախոսակապի, իսկ շուտով՝ նաեւ հեռուստատեսության ծառայություններից, հայտնել են ընկերությունում:
Մայիսի 2-ին Կապանում Ռոստելեկոմը Շահումյան 20 հասցեով բացել է ծառայությունների եւ սպասարկման իր սրահը: Այն առաջին ընկերությունն է, որ Կապանում կառուցել է ժամանակակից օպտիկա-մանրաթելային ցանց:
«Ռոստելեկոմը եւս մեկ անակնկալ է մատուցել Կապանի բնակիչներին՝ քաղաքապետարանի հետ կնքվող հուշագրի շրջանակներում ընկերությունն անվճար WiFi ինտերնետով է ապահովելու Կապանի թվով 4 (չորս) այգիներ, ուր բնակիչները կկարողանան լիարժեք վայելել իրենց հանգիստը»,- հայտնել են ընկերությունում:
Ռոստելեկոմի եւ Կապանի քաղաքապետարանի միջեւ կնքված հուշագիրը նպատակ ունի զարգացնելու այս քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցության ոլորտը: 2013թ. ընթացքում համագործակցության հիմնական ուղղություններից են լինելու Կապան քաղաքում ՏՏ եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, Կապան քաղաքի չորս այգիներում անվճար WiFi ցանցի կառուցումն ու սպասարկումը, կրթական եւ այլ ծրագրեր: