12:49 | 25.04.13 | Նորություններ | 1102

Երեւանում կանցկացվի մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Nokia ընկերության, Համաշխարհային Բանկի նորարարության եւ ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ, հայտարարել է մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ:

Ինչպես հայտնել են Ձեռնարկությունների Ինկուբատորում, մրցույթի նպատակն է խթանել գործարար եւ սոցիալական դաշտի զարագացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ծրագրավորողներ, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ունեն նորարար գաղափարներ հետեւյալ երկրներից.  Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկիստան, Տաջիկիստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ադրբեջան եւ Վրաստան:  Մասնակիցները կարող են ներկայանալ անհատապես կամ թիմով՝ մինչեւ 5 մասնակիցներից բաղկացած:

Յուրաքանչյուր մասնակից երկրի ժյուրի ընտրելու է հաղթողի, որը կպարգեւատրվի $500-ով: Երկրում հաղթած նախագիծը միջազգային ժյուրիին ներկայացնելու համար, թիմի անդամներից մեկը կհրավիրվի Երեւան:

Հունիսի 12-13-ը Երեւանում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցները կներկայացնեն առավելագույնս ավարտուն եւ ֆունկցիոնալ հավելվածներ: Այս փուլի արդյունքում մրցույթի հաղթողի պարգեւն է $10 000: Գաղափարներ ներկայացնելու վերջնաժամկետն է ապրիլի 29-ը:
Ապրիլի 26-ին Երեւանում տեղի կունենա «Գաղափարների ձեւավորման» միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել գաղափարներ եւ տեղում դիմել տարածաշրջանային մրցույթին:

Միջոցառումը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում.  սկիզբը՝ ապրիլի 26-ին, ժամը՝ 12:00-ին: Մրցույթի աջակիցներն են PicsArt եւ «Ռոստելեկոմ» ընկերությունները: