12:47 | 25.04.13 | Նորություններ | 2019
Ապրիլի 26-ին ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
Հայաստանում ֆիլմերի գրախոսության եւ կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ փառատոնի գլխավոր հովանավոր ԱրմենՏել ընկերությունը Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ:
Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով, հայտնել են Արմենտելում:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգեւատրվի Apple iPad 4-ով:
«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որեւէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է եւ աշխատանքներն էլ քննում են մասնագիտական եւ անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի` տեղեկանալով այդ մասին»,- ասել է Գոհար Հակոբյանը: