Ռուսաստանի կապի եւ հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը
11:57 | 04.04.13 | Նորություններ | exclusive 4335
Երեւան: Մեդիամաքս: Բարձրաստիճան ռուս պաշտոնյան բավականին «ինքնատիպ» է արձագանքել Հայաստանում ռուսաստանյան պետական մարմինների կողմից արգելափակված կայքերի անհասանելի լինելու խնդրին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռուսաստանի կապի եւ հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինն այդ մասին ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Խնդիր չկա: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել այն թրաֆիկը, որից նա ցանկանում է ստանալ: Եթե մեզ մոտից դուր չի գալիս` թող այլ տեղից ստանան: Դա Հայաստանի Հանրապետության խնդիրն է, թե ինչպե՞ս եւ ո՞ր կապուղով են նրանք կապված համաշխարհային ցանցի հետ», - ասել է ռուս պաշտոնյան:
«Իզվեստիա» թերթն այս տարվա հունվարին գրել էր, որ Հայաստանի բնակիչները ռուսաստանյան օրենքների եւ նորմերի ազդեցության տակ են ընկել, քանի որ ՀՀ հիմնական ինտերնետ-թրաֆիկը անցնում է Ռուսաստանի տարածքով:
Թերթը նշում էր, որ դրա հետեւանքով հայաստանյան օգտատերերը երբեմն չեն կարողանում այցելել այն կայքեր, որոնք գտնվում են ռուսաստանյան «սեւ ցուցակում»:
«Մենք արդեն սկսել ենք դիմումներ ստանալ բաժանորդներից: Մենք փոխում ենք երթուղին դեպի այն կայքերը, որոնց վրա հայաստանյան օգտագործողները ռուսաստանյան «խոչընդոտ» կտեսնեն: Հետագայում, ամենայն հավանականությամբ, մենք կկարգավորենք հայաստանյան թրաֆիքի երթեւեկությունն այնպես, որպեսզի դրանից անմիջապես հանվեն Ռուսաստանում արգելքի տակ գտնվող բոլոր կայքերը: ԱրմենՏել-ը Հայաստանում աշխատում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով»,- թերթի հետ զրույցում ասել էր Վիմպելկոմ-ի ԱՊՀ երկրներում հասարակական կապերի ղեկավար Արտյոմ Մինաեւը:
«Իր գործունեության յուրաքանչյուր երկրում ՄՏՍ-ը կազմակերպում է ցանցերի աշխատանքը տեղական օրենսդրության համաձայն: Մենք ՄՏՍ-Հայաստան-ի բաժանորդներից բողոքներ չենք ստացել որեւէ ռեսուրս մուտք գործելու սահմանափակումերի վերաբերյալ եւ մեր ցանցում նման բան չենք տեսել:
Թրաֆիքի երթեւեկության համար մենք օգտագործում ինչպես մեր սեփական մայրուղային ալիքները, այնպես էլ գործընկերներինը»,- ասել է ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վալերիա Կուզմենկոն:
«Մեզ դեռեւս չեն դիմել Հայաստանի գործընկերները, եւ մենք հուսով ենք, որ այդ խնդիրները կլուծվեն օպերատորի մակարդակով: Սակայն, եթե նման դիմում լինի, մենք պատրաստ ենք այն դիտարկել եւ աջակցել խնդիրների լուծմանը»,- «Իզվեստիա»-ին ասել էին Ռոսկոմնադզորում: